Կհասցնե՞ն թեստավորել 38.000 ուսուցիչներին. պարզաբանում են ԱՆ և ԿԳՄՍ նախարարությունները
Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Ի դեպ, ըստ ուղեցույցի՝ նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) թեստավորվում է՝ Առողջապահության նախարարության կողմից կազմված ժամանակացույցի և սկզբունքների համաձայն:
Հայաստանում կա շուրջ 38.000 ուսուցիչ, իսկ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացի մեկնարկին մնացել է 12 օր. կարելի է ասել՝ անհավանական է թվում, թե Առողջապահության նախարարությունը կհասցնի թեստավորել բոլոր ուսուցիչներին մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՊՇՌ թեստերի օրական խմբաքանակը մինչ օրս չի գերազանցել օրական 2500 թեստի քանակը:
168.am-ը Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ նախարարությունը կհասցնի՞ արդյոք ժամկետի մեջ թեստավորել բոլոր ուսուցիչներին։ Ի պատասխան՝ նա ասաց. «Պիտի փորձենք հասցնել. փուլ առ փուլ կատարվում են պրոցեսները: Մենք գրություն ենք ուղարկել մարզպետարաններ, քաղաքապետարան, ԿԳՄՍՆ, որպեսզի հավաքագրվեն ուսուցիչների տվյալները, որովհետև կան նաև ռիսկային խմբում աշխատող ուսուցիչներ, որոնք պետք է հեռահար աշխատեն: Պետք է տվյալ հաստատությունն ուսուցիչներին տա թերթիկ, որ իրենք աշխատում են, իրենք այդ թերթիկով մոտենում են իրենց ամբուլատորիա կամ պոլիկլինիկա, և այնտեղ իրենց թեստավորումը կատարվում է»:
Թեստավորումը չհասցնելու պարագայում՝ ուսուցիչը չպե՞տք է մասնակցի դասապրոցեսին՝ մեր հարցի պատասխանը Ա. Նիկողոսյանը ուղղորդեց ճշտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը մասնավորապես տեղեկացրեց. «Կարծում ենք՝ այնպես կկազմակերպվի, որ բոլորն էլ կարողանան հասցնել: Ենթադրում եմ, որ այդ գրաֆիկով իրենք բոլորն էլ կթեստավորվեն, ինչպես նախատեսված է»: