«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների մասնակիցներն այն ստանալու են անոթի
Կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններին մասնակցող կամավորները պետք է այն ընդունեն անոթի, օրվա ընթացքում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ֆիզկուլտուրայով ինտենսիվ պարապմունքներից: Այդ մասին ասվում է Գամ-Քովիդ-Վակ-2020 պատրաստուկի կլինիկական հետազոտությունների արձանագրության մեջ, որին ծանոթացել են ՌԻԱ Նովոստիում։
«Պատրաստուկի եւ պլացեբոյի ընդունումն անցկացվում է անոթի»,-ասվում է փաստաթղթում:
Հանձնարարվում է նաեւ պատվաստումից մեկ օր առաջ ձեռնպահ մնալ ֆիզկուլտուրայով կամ սպորտի կոնտակտային տեսակների ինտենսիվ պարապմունքներից, ճշտվում է արձանագրության մեջ:
Պատվաստումից հետո 24 ժամվա ընթացքում չպետք է նստել ավտոմեքենայի ղեկին, նշվում է փաստաթղթում:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել է, որ սեպտեմբերի 9-ից Մոսկվայում պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների շրջանակներում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստում: