Բաժիններ՝

«Ես բանկի փողը որտեղի՞ց տամ, վարկը ո՞նց փակեմ». Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները դարձյալ փակեցին մայրուղին

Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները փակել են Երևան-Երասխ մայրուղին. պատճառը խաղողի մթերման ցածր գինն է:

«Անցած տարի խաղողն ընդունել են 150 դրամով, այս տարի եթե ինքնարժեքը 100 դրամ է, մթերման գինը՝ 130, ինչո՞վ գոյատևենք: Սա ի՞նչ գումար է: Պատերազմի ժամանակ երկու վիրավոր եմ տվել, ես ինչո՞վ պահեմ նրանց ընտանիքները: Վարչապե՞տն է բերելու պահի ինձ: Ոչ մեկը ոչինչ չի անում, մենակ վարչապետով չէ: Ծառուկյանը 20-30 տոննա պայմանագրի դեպքում ասում է՝ 15 տոննա բերեք: Ինչի՞ համար, բա պայմանագիրն ինչո՞ւ եք այդքանով կնքել»,- ասաց Շահումյան գյուղի բնակիչներից մեկը:

Գյուղացիներից մեկն էլ ասաց՝  թող մյուսներն էլ Ծառուկյանի նման 150 դրամով գոնե վերցնեն:

«Պետական մակարդակով թող կազմակերպեն՝ տանեն Վրաստան, այնտեղ պահանջարկ կա: Այս բերքը եթե վարկով մշակել ենք, ինքնարժեքը 100 դրամ է, ես բանկի փողը որտեղի՞ց տամ: Վարկը ո՞նց փակեմ: Բոլոր ալիքներով ելույթ են ունենում, թե տարաները լրիվ դատարկ են, այսինքն՝ 100 դրամով տեղ կա, բայց 150 դրամով չկա: Ցանկացած գործարան գնում ենք՝ ասում են՝ մեզ այդպես են ասել, ձեռք է տալիս՝ բերեք, չէ՝ մի բերեք: Հասկացանք՝ կարելի տանջվել էշի պես, բայց 100 դրա՞մ: Կառավարությունն այնքան անտեղյակ է Հանրապետությունում իրականացվող աշխատանքներից, որ չի կարողանում կազմակերպել: Իրենք շատ լավ գիտեին, որ այս տարի առատ բերք է սպասվում, դոտացիա տվեցին գինու գործարաններին, մթերող գործարաններին, որպեսզի աճեցրած խաղողն ընդունեն, բայց նույնիսկ ինֆորմացիա չունեն, թե մարզում քանի՞  գործարան է ընդունելու, քանիսը՝ ոչ: Գիտեմ գործարաններ, որ 2-3 տարի խաղող չեն ընդունում, կարող են դոտացիան տալ Այգեպար, Այգեզարդ, Վերին Արտաշատ գյուղի գործարաններին, ժամանակավոր աշխատացնել և մթերել, բայց որ տեղյակ չեն՝ ոչ մի աշխատանք չեն կատարել: Գյուղնախարարությունը ցրել են ու ամեն ինչ թողել մարդկային հարաբերությունների վրա»,-ասացին բնակիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս