«Պարոն Հայրապետյանին հարցրեք, թե ինչո՞ւ է այդքան խորը դժգոհ ԿԳՄՍ  նախարարից». Անի Սամսոնյան

Այսօր ԱԺ դիմաց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անվստահություն կհայտնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և կիրականացնի բողոքի ակցիա:

«Այսօր մեզ կմիանան բոլոր նրանք, որոնք դժգոհ են ԿԳՄՍ նախարարից և պատրաստ են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Թե ովքեր կգան կամ քանի մարդ կգա՝ չեմ կարող ասել: Ամեն դեպքում փորձել ենք այնպես անել, որ ոչ միայն մենք այստեղ գործընթաց տանենք, այլև հնարավորություն տանք, որ մարդիկ գան ու պաշտպանեն այդ գործընթացը»,- ասաց Անի Սամսոնյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախաձեռնության հետ կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ չեն խոսել, քանի որ տրամաբանական է համարում, որ եթե կա ընդհանուր բողոք, դժգոհություն, ապա նրանք ևս կարող են միանալ իրենց:

168.amի դիտարկմանը, որ վերջերս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախարար Հարությունյանն ունի իր, իր հանձնաժողովի և խմբակցության լիակատար աջակցությունը, հետևաբար՝ այս պայմաններում իրատեսակա՞ն են համարում, որ իրենց նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի, Անի Սամսոնյանը նկատեց.

«Առաջարկում եմ Դուք մոտենաք և պարոն Հայրապետյանին հարցնեք, թե ինչո՞ւ է այդքան խորը դժգոհ ԿԳՄՍ  նախարարից, բայց դժգոհում է մեզանից, որ մենք նրան թիրախավորել ենք և նա թող ազնիվ այդ հարցին հանրության առջև պատասխանի»:

Հիշեցնենք, որ օրերս Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ շատ ուժեր փորձում են օգտվել իրավիճակից և թիրախավորել են նախարար Հարությունյանին.

«Շատ ուժեր փորձում են օգտվել այս իրավիճակից, որ մեր քաղաքական թիմը գնում է դժվարին ճանապարհով՝ ռեֆորմների, ու թիրախավորել են գործընկերոջս, բայց մոռացել են, որ պետք է խոսենք բովանդակության շուրջ: Արայիկ Հարությունյանն ունի իմ, մեր հանձնաժողովի, բնականաբար, խմբակցության լիակատար աջակցությունը: Մենք մեր մասով առավելագույնն անելու ենք, որպեսզի առողջ քննադատությունն առավելապես լսելի լինի կառավարության համար, մենք այն խողովակներից ենք, որ այդ ասելիքը մշտապես հասցնում ենք տեղ»,- նշել էր Մխիթար Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս