«Եթե նման հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին». Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի մասին
Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկելու է խորհրդարանին որոշում ընդունել, որ վարչապետը քննարկի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը: Նախարարի հրաժարականն են պահանջում ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները, այլև նոր ընդունված կարգի պատճառով բուհ չընդունված դիմորդները, մի շարք ՀԿ-ներ ու անհատներ, այսօրվանից նույն պահանջով իր ակցիաները վերսկսելու է նաև ՀՅԴ ՀԵՄ-ը: Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե կա՞ն հիմքեր, որ Հարությունյանի հրաժարականի հարցը դրվի վարչապետի քննարկմանը, նախարարը բացասական պատասխան տվեց:
«Եթե հիմքեր լինեն ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին, և ինքս դիմում կգրեմ»,-ասաց նա:
Նախարարի խոսքով՝ իր դեմ բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է և մտահոգում է քաղաքական որոշ շրջանակների:
«Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքը և հիմքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող, վերլուծող, իսկ քննադատող, վերլուծող սերունդը, եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացանի, որ երբևէ, որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու և տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերը զրկվելու են որևէ աջակցությունից: Հիմա էլ շատ քիչ ունեն, այդ դեպքում ընդհանարպես չեն ունենալու»,- ասաց Հարությունյանը:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ հրաժարականի հարց օրակարգում չկա՞, նախարարը պատասխանեց.
«Կխնդրեմ իմ գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով և հրաժարականներով ինձ չվախեցնել, ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, այժմ իրականցնում եմ այդ առաքելությունը, եթե կզգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, հրաժարական կտամ: Իմ օրակարգում հիմա նման հարց չկա»:
Իր գործունեությունից բողոքող և ակցիաների իրականացնող խմբերի հետ հանդիպումներ չունենալը նախարարը հիմնավորեց այն հանգամանքով, որ, իր կարծիքով, այդ խմբերը չունեն քննարկելու օրակարգ:
«Բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ես հանդիպում եմ: Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, ինչպիսին, օրինակ՝ հրաժարականն է, ես դա անիմաստ եմ գտնում քննարկել, որովհետև դա իրենց պայքարի և իրենց օրակարգի հարցն է, ամենևին իմ օրակարգի հարց չի: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումն է և ոլորտում նորություններ բերելն է»,- ասաց Հարությունյանը:
Արդարության համար նշենք, որ բուհ չընդունված դիմորդներն ի սկզբանե Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարց չէին բարձրացնում, այլ ուղղակի հանդիպում էին պահանջում նրա հետ՝ իրենց խնդրին լուծում տալու համար:
«Ես 2-3 օր հանդիպել եմ տասնյակ դիմորդների հետ: Այն մի խումբը, որը բողոքում է, հետո նաև որոշ քաղաքական շրջանակների զոհ դարձավ, ես չեմ պատրաստվում այդ խմբի հետ հանդիպել, քանի որ իրենց օրակարգն այլ էր, իրենք ակցիաների ընթացքում էլ դուք տեսաք, որ իրենց օրակարգն այլ էր: Կանխագուշակելով այդ օրակարգը, իրենց հետ հանդիպում չի եղել: Շատ խմբերի ուսանողների հետ եղել է: Նշածս խմբի հետ հանդիպել է իմ տեղակալ Գրիշա Թամրազյանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: