«Այդ մարդը Հանրայինի եթերում պաշտպանում էր իր քաղաքական պաշտոնյա կնոջ շահերը». Անի Սամսոնյանը՝ Պետրոս Ղազարյանին
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իրենից՝ եթերում ոչ պրոֆեսիոնալ պահվածքի համար:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Անի Սամսոնյանը հյուրընկալվել էր Հանրային Հեռուստաընկերության եթերում հեռարձակվող Պետրոս Ղազարյանի հեղինակային հաղորդմանը: Զրույցի թեման կրթության նոր չափորոշիչներն էին, սակայն զրույցը վերածվեց բանավեճի, ինչից հետո հաղորդավարը հայտարարեց, որ թույլ չի տալու, որպեսզի պատգամավորը խոսի, քանի որ վերջինս «տարրական գիտելիքներ չունի»:
Հաղորդումից հետո համացանցում սկսեցին քննադատել պատգամավորին, որ վերջինս գիտելիքներ չունի ո՛չ հայոց լեզվից, ո՛չ հայոց պատմությունից:
168.am-ը Անի Սամսոնյանից հետաքրքրվեց, թե հաղորդման ժամանակ հատուկ տրամադրվածություն կա՞ր իր նկատմամբ, ինչպե՞ս կբնութագրի հաղորդավարի պահվածքը և առհասարակ ինչպե՞ս է վերաբերում իր հասցեին հնչող քննադատություններին:
«Երբ Հանրային հեռուստաընկերության հաղորդավարը պատգամավորին տաղավարում ասում է, որ «տարրական գիտելիքներ չունի», բնական է, որ այդ նույն հաղորդավարին պաշտպանող բազմաթիվ ֆեյքեր, որոնք գործում են նաև իշխանության համար, պետք է նման քննադատություններ սփռեն թե՛ համացանցում, թե՛ մեդիայում: Սա ես բնական եմ համարում: Եկեք փաստենք, որ այն, ինչ տեղի ունեցավ Հանրայինի եթերում՝ հարիր չէր այն լրատվամիջոցին, որը սնվում է պետության գումարներով, որն ունի հեղինակություն և նրա հաղորդավարն իրեն պահում է ոչ պրոֆեսիոնալ, անհանդուրժող և թույլ չի տալիս, որպեսզի դիմացինն ամբողջացնի իր ասելիքը: Այս իրավիճակում ակնկալել որևէ երկխոսություն կամ որևէ քննարկում այնպիսի հարցի շուրջ, ինչպիսիք են կրթության չափորոշիչները՝ բնական է, որ չէր ստացվի»,- ասաց Անի Սամսոնյանը:
Հարցին՝ նախկինում Հանրային հեռուստաընկերությանը մեղադրում էին իշխանությունների կամակատարը լինելու մեջ, իշխանափոխությունից հետո նրա գործունեության մեջ փոփոխություն տեսնո՞ւմ է, Անի Սամսոնյանը պատասխանեց, որ ոչ միայն փոփոխություն չի տեսնում, այլև նախկին վիճակն այսօր ավելի է վատթարացել:
«Եթե նախկինում Հանրայինը ծառայում էր իշխանությունների համար որպես քարոզչամեքենա, ապա նախկինում չեմ հիշում մի դեպք, երբ ընդդիմադիր գործչին կկանչեն տաղավար և կփորձեն նրան մոտենալ այդքան հեգնանքով, քամահրանքով կամ նրան կվիրավորեն, սա պարզապես խայտառակություն է լրագրողական պատմության մեջ»,- շեշտեց նա:
Հաջորդ հարցին՝ այսօր ԼՀԿ-ն անվստահություն է հայտնելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ուղղորդո՞ւմ տեսնում է, որ Հանրային եթերում տեղի ունեցածը կարող էր կապ ունենալ այդ նախաձեռնության հետ, Անի Սամսոնյանը պատասխանեց՝ բնականաբար ուղղորդում եղել է, որպեսզի իրենց կանչեն տաղավար, քննարկեն կրթական չափորոշիչներ և նման իրավիճակ ստեղծեն:
«Այդ մարդը հեռուստաընկերության եթերում պաշտպանում էր իր քաղաքական պաշտոնյա կնոջ շահերը, կար ակնհայտ կողմնակալություն, ինքս դրա մասին բարձրաձայնել եմ: Հեռուստաեթերում իմ այն խոսքին, որ ինքը կողմնակալ է, նա պատասխանել է, որ լավ է անում, պաշտպանում է, այսինքն՝ մարդն ակնհայտ խոստովանում է: Ինչ վերաբերում է իմ գիտելիքներին՝ ասեմ՝ գիտեք ինչո՞ւմն է իմ երջանկությունը, և ինչո՞ւմն է Պետրոս Ղազարյանի դժբախտությունը․ եթե ես ինչ-որ բան չգիտեմ՝ դա ես միշտ կարողանում եմ լրացնել»,- ընդգծեց Անի Սամսոնյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում