Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում հայկական խաչքար է օծվել
Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում տեղի է ունեցել Ազմոլ միկրոշրջանում տեղադրված հայկական խաչքարի օծման արարողությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը:
«Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ օծված խաչքարը դարձել է ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի խորհրդանիշը:
Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի խոսքով՝ հուշարձանի տեղադրումը նախաձեռնել է Բերդյանսկի հայերի միության նախագահ Հովհաննես Ավդալյանը:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում Ուկրաինայի հայերի միությունը կազմակերպել է Հայաստանից բերված ավելի քան 25 խաչքարի տեղադրումը. նրանցից մեկն էլ այժմ Բերդյանսկում է: Խաչքար-հուշարձանները տեղադրվում են այնտեղ, որտեղ մեր հայրենակիցներն իրենց հետքն են թողել: Բերդյանսկի հայկական համայնքը չի խնայել իր ուժերը, որպեսզի մենք կարողանանք հավերժացնել հայերի հիշատակը»,- նշել է Հովակիմ Հարությունյանը:
Հովհաննես Ավդալյանն ընդգծել է, որ խաչքարի տեղադրումը նախատեսվում էր այս տարվա գարնանը, սակայն, համավարակով պայմանավորված, միջոցառումը տեղափոխվել է: Ավդալյանը շնորհավորել է բոլոր հյուրերին և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին:
Միջոցառմանը ներկա էին նաև Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը, Խերսոնի հայերի միության նախագահ Տիգրան Մկրտչյանը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և ուրշներ:
Կայքը նշում է, որ Ուկրաինայի հայերի միության կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներ տեղի են ունեցել արեւելյան տարածաշրջանում: Զապոռոժյեում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության համաժողովը, որից հետո կազմակերպությունը բժշկական սարքավորումներ է նվիրել մարզային կլինիկական մանկական հիվանդանոցին»,- նշվում է հաղորդագրության մեջ: