Ինչո՞ւ է են մեկ անձից գնումները կատարվում «Տավուշ տեքստիլից», և հետաձգվում Իջևանի քաղաքապետի ընտրությունները. Հայկ Չոբանյանը մանրամասնում է

«Հուլիսյան մարտական գործողություններից հետո Տավուշի մարզը վերսկսել է ապրել իր բնականոն հունով, թեև մեծապես վերականգնվելու խնդիր էլ չկար, որովհետև անգամ մարտական գործողությունների ժամանակ բոլոր ինստիտուտներն աշխատում էին, և մենք բազմաթիվ ենթակառուցվածքային վնասներ վերականգնեցինք ռազմական գործողությունների ընթացքում, որպեսզի մարզում կյանքը չկանգնի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ ընդգծելով, որ իր մոտավոր հաշվարկներով՝ մարտական գործողությունները մարզին հասցրել են շուրջ 500 միլիոն դրամի վնաս։

Անդրադառնալով Կառավարության կողմից մարզին հատկացված 300 մլն դրամից ավելի գումարին՝ մարզպետը նշեց, որ Կառավարության որոշմամբ կվերականգնվեն ոչ միայն վնասված շենք-շինությունները, այլ նաև համայնքներում ամբողջական վերակառուցում կկատարվի, և համայնքները նոր տեսքի կբերվեն։

«Պետական բյուջեից հատկացված միջոցներին կավելանան նոր միջոցներ, որոնց նախնական հաշվարկներն արդեն կատարվել են, և կներկայացվեն Կառավարություն։ Նշեմ, որ զուգահեռաբար մարզում ավելանում են նաև ապաստարանները, և մենք ստեղծում ենք թաղային ապաստարաններ»,- ասաց Չոբանյանը։

Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ժամանակ Տավուշի մարզին օգնելու համար կազմակերպված դրամահավաքներին՝ ապա, ըստ Չոբանյանի, գումար է փոխանցվել՝ ինչպես անհատների կողմից, այնպես էլ՝ տարբեր կազմակերպոթյուններից և հիմնադրամներից, իսկ փոխանցված ամբողջ գումարն ուղղվելու է մարզում ենթակառուցվածքների զարգացմանը։

«Դրամահավաքների միջոցով մենք սկսեցինք աշխատել ենթակառուցվածքների զարգացման վրա. մոտ 500 միլիոն դրամ է հավաքվել, որոնք ուղղվելու են ոռոգման համակարգի բարելավմանը։ Տավուշի մարզում կա տարեկան 420 միլիոն խմ ջուր, որի շատ փոքր մասն ենք կարողանում օգտագործել ոռոգման համար, և հիմա ոռոգման համակարգերի ներդրման նպատակն է՝ մեծացնել ոռոգելի հողերի քանակն ու օգտագործել մեր ջրային ռեսուրսները, իսկ դա նաև ռազմավարական խնդիր է լուծում մարզի համար»,- ասաց Չոբանյանը՝ շեշտելով, որ նախընտրում է ոչ թե կատարված նվիրաբերությունները տալ մարդկանց՝ որպես օգնություն, այլ գումարը ներդնել մարզային զարգացման ծրագրերում և ստեղծել այնպիսի բիզնեսներ, որոնք հնարավորություն կտան մարզի բնակիչներին սեփական աշխատանքով փող վաստակել։

«Մենք պետք է վերջացնենք այդ սովորությունն ինչ-որ օգնություններ տալու, պետք է մարդկանց տանք հնարավորություն՝ իրենց աշխատանքով հասնել իրենց խնդիրների լուծմանը, իսկ այդ նպատակին հասնելու համար պետք է լուծել մարզում գործազրկության խնդիրը, ինչն էլ անում ենք. Օրինակ, ստեղծում ենք 60 հեկտար այգի, որը լուծում է տվյալ գյուղի 150 ընտանիքի զբաղվածության հարցը, կամ օգնում ենք մարդկանց այգետնկման աշխատանքներում, և հիմա հոկտեմբերին մեկնարկելու են այդ աշխատանքները, որոնք ևս լուծելու են զբաղվածության խնդիրը»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ իսկ 2018 թվականից հետո արդյո՞ք Տավուշի մարզում բացվել է «Տավուշ տեսքտիլ»-ի հզորությունն ունեցող այլ գործարան, թե՞ այն դեռ միակն է, որի շնորհիվ մարզում ստեղծվել է մեծ թվով աշխատատեղ, Հայկ Չոբանյանը պատասխանեց.

««Տավուշ տեսքտիլ»-ը պետք է դիտարկել ոչ թե՝ գործարան, այլ՝ որպես ներդրումային ծրագիր, որի շրջանակում հերթական արտադրամասը բացվեց Պառավաքարում, Իջևանում և Ազատամուտում։ Տեքստիլն այն խոշոր ուղղություններից մեկն է, որը մեծ ծավալի աշխատատեղեր է ներգրավում։ «Տավուշ տեքստիլ» գործարանից բացի, ունենք նաև երկու այլ բիզնեսներ, որոնցից մեկն արտադրում է հատուկ արտահագուստ, մյուսը՝ զինվորական համազգեստ, և Պաշտպանության նախարարության հետ արդեն ունի պայմանագիր»,- ասաց Չոբանյանը։

Հարցին՝ իսկ ի՞նչ կապ ունի «Տավուշ տեքստիլը» վարչապետ Փաշինյանի ընտանիքի հետ, Հայկ Չոբանյանը պատասխանեց.

«Բացարձակ որևէ կապ։ «Տավուշ տեքստիլ» գործարանի սեփականատերը Սուրեն Երիցյանն է՝ գործարար»։

Ճշտող հարցին՝ իսկ ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանի աշխատակազմը մշտապես մեկ անձից գնումներ իրականացնում հենց «Տավուշ տեքստիլից», մարզպետը պատասխանեց.

«Դա կապված է ուղղակիորեն մեկ հանգամանքի հետ. արտադրում է դիմակներ, և այդ գործարանն ամենախոշոր արտադրությունն է, և ենթադրում եմ, որ տալիս է ամենացածր գնով. օրինակ՝ կրթական համակարգի համար դիմակները տրվել են 25 դրամով»։

Հայկ Չոբանյանից հետաքրքրվեցինք վարչապետի անձին առնչվող մեկ այլ հարցի վերաբերյալ՝ իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ Իջևանի քաղաքապետի ընտրություններն արդեն մի քանի անգամ երկարաձգվում են, որոնց պատճառը, ըստ տարբեր հրապարակումների, այն է, որ վարչապետը հասկացել է, որ իր քավոր, քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը մարզում սիրված չէ, հաղթելու շանսերը նվազ են, և դրա համար էլ հետաձգում է ընտրությունները՝ ելքեր գտնելու համար։

«Իջևանի ընտրության երկարաձգումը կապված է համավարակի հետ, այստեղ առանձին մտահոգություններ չկան, քանի որ քաղաքական ուժի վարկանիշը բավականին բարձր է։ Այս առումով ես խնդիր չեմ տեսնում, իսկ Իջևանի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ղալումյանն իր նշանակվելու օրվանից էական փոփոխություններ է բերել Իջևանի կառավարման համակարգում, մատուցվող ծառայությունների որակի մեջ, և ես, որպես մարզպետ, պետք է ասեմ, որ Իջևանն առանձնանում է այս առումով. դրական եմ գնահատում նրա աշխատանքը»,- ասաց Չոբանյանը՝ հերքելով նաև մամուլի այն հրապարակումները, թե իրեն վարչապետ Փաշինյանը պատրաստվում է նշանակել Կոտայքի մարզպետ։

«Այդ լուրն աբսուրդ ծավալի մեծ բամբասանքներից է։ Այդ լուրը բացարձակ կապ չունի իրականության հետ։ Ինձ համար ամենակարևոր սկզբունքներից մեկն աշխատանքը սիրելն ու առավել արդյունավետ իրականացնելն է»,- ասաց նա: Ի պատասխան հարցին էլ՝ եթե, այնուամենայնիվ, իրեն առաջարկվի դառնալ Կոտայքի մարզպետ, կընդունի՞ առաջարկը, թե՞ կմերժի, պատասխանեց.

«Ես իմ աշխատանքը շատ ավելի սիրով կկատարեմ Տավուշի մարզում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս