Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, մեկնաբանելով այն փաստը, որ Ռուսաստանն առաջինն է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, հայտարարել է, որ ԱՀԿ-ի փորձագետներից սպասում է հնարավոր պատվաստանյութերի եւ հետագա հանձնարարականների գնահատական։

«COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի բժշկական ոլորտի պրոֆեսիոնալների, այդ թվում՝ ԱՀԿ-ի աշխատակիցների կողմից: Եվ ես սպասում եմ, որ նրանք հնարավոր պատվաստանյութերը կուսումնասիրեն հարկ եղած ուշադրությամբ եւ, ելնելով դրանից, հանձնարարականներ կտան»,- Գուտերեշն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նա կարծում է արդյոք, որ ԱՀԿ-ն պետք է ռուսաստանյան պատվաստանյութը հանձնարարի օգտագործման համար:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս