
«Գործադիրը շարունակում է «թաթը» պահել դատական իշխանության վրա և ճնշել դատավորներին». Փաստաբանը՝ չընդունված դիմորդների հայցերի մասին

Բուհ չընդունված կամ բարձր բալեր հավաքած, բայց իրենց նախընտրած բուհը, բաժինը չընդունված դիմորդների փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 29-ին Վարչական դատարան ներկայացրած երկու հայցերից միայն մեկն է վարույթ ընդունվել:
Հիշեցնենք՝ մայիսի 21-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն, որն ուժի մեջ էր մտել մայիսի 26-ին, փոխվել էր բուհ ընդունվելու կարգը, ինչի արդյունքում 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել էին, իսկ բարձր միավորներ ստացած մի շարք դիմորդներ՝ դուրս մնացել բուհի այն բաժնից, որի համար առաջին հայտն էին ներկայացրել, քանի որ գերակայությունը տրվել է հենց այդ հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդը կարող էր ունենալ միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել էին, ու կային թափուր տեղեր:
«Առաջին հայցը, որը վարույթ է ընդունվել, վերաբերում է առհասարակ Կառավարության որոշմանը, որով սահմանվեց ընդունելության նոր կարգ, անվավեր ճանաչելուն: Ի թիվս այլնի, այնտեղ կային իրավական անգրագիտության հետ հատվող խնդիրներ, մասնավորապես, Կառավարությունն ընդունեց նոր որոշում, ուժը չկորցրին նույն ոլորտը կանոնակարգող երկու նախորդ որոշումները: Ուժի մեջ մտնելու կարգը խախտվեց, հետին թվով օրենք ընդունվեց, որ լեգիտիմացնի Կառավարության այս որոշումը, և այլն»,- ասաց Կոչուբաևը:
Մյուս հայցով փաստաբանական թիմը դատարանից պահանջել է, որ անվավեր ճանաչվի Կառավարության նոր որոշման կիրառումը «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամներից յուրաքանչյուրի նկատմամբ և կիրառվի նախորդ որոշումը, որը նորի ընդունման ժամանակ դեռ ուժի մեջ էր: Դատարանն արդեն երկու անգամ մերժել է այս հայցը վարույթ ընդունել:
«Առաջին վերադարձի հետ փորձեցինք մի կերպ համակերպվել, հասկանալ, որ դատարանը, իրոք, հայցատեսակի հետ կապված խնդիրներ է տեսել, որը մեր փաստաբանական թիմը չի տեսել, չգնացինք Վերաքննիչ դատարան՝ զուտ խնայելով դիմորդների ժամանակը, որը նրանք այդքան էլ շատ չունեին: Փոփոխեցինք հայցապահանջը: Դատարանը նոր պահանջ դրեց, որն արդեն ծայրահեղ ոչ իրավաչափ է, ավելին, մեզ հիմք է տալիս եզրահանգելու, որ դատարանը գործում է ճնշման տակ: Դատարանը հայցը վարույթ չի ընդունում այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է ներկայացնել դիմորդների ներկայացրած, ստորագրած դիմումները: Մենք ունենք հստակ մերժում կրթության պատասխանատուից, ոլորտը համակարգող փոխնախարարից, որ «Պահանջատեր դիմորդ» շաժման մասնակիցների դիմումը մերժվում է: Վարչական դատարանը պահանջ դրեց՝ «տեղեկանք բեր, որ տեղեկանքդ ճիշտ է», պահանջեց դիմորդների դիմումը, ինչն աբսուրդ է: Իրականում չունենք այդ դիմումը, քանի որ դիմորդները հավաքվել են նախարարության առջև, ստորագրել են դիմումը և մուտքագրել ԿԳՄՍՆ»,- ասաց Կոչուբաևը:
Փաստաբանը նշեց, որ այս անգամ արդեն դիմելու են Վերաքննիչ: Կոչուբաևն այս հարցը վարույթ չընդունելու հիմքում ավելի ոչ թե լոկալ, այլ գլոբալ խնդիր է տեսնում:
«Իշխանությունը զգայուն գործերով տրվում է գայթակղությանը և ճնշում է դատարաններին: Վառ ապացույցը հենց այս գործն է, որն իշխանության համար չափազանց զգայուն է, քանի որ այստեղ ի հայտ է գալու Կառավարության թույլ տված անգրագիտությունը: Ցավով պետք է արձանագրեմ, որ գործադիրը շարունակում է թաթը պահել դատական իշխանության վրա և ճնշել դատավորներին»,- ասաց փաստաբանը:
Դիմորդ Հայկ Բաբալյանը հիշեցրեց, որ 10 օր շարունակ դիմորդներն ու իրենց ծնողները պահանջում էին հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ, որը տեղի չի ունեցել:
«ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որի հիմնական դրույթն է արհամարհանքը, հենց պահանջատեր դիմորդների մասով է այդ վերաբերմունքը: Այսօրվա իշխանության հռչակած արժեքներից է ժողովրդավարությունը, Արայիկ Հարությունյանի քայլերը ցույց են տալիս, որ նա այդ արժեքների կրողը չէ: Երբ ծնողները, դիմորդները, հասարակության տարբեր շերտեր՝ ուսանողից մինչև դասախոս, ոլորտի մասնագետներ, պահանջում են հանդիպում այդ մարդու հետ, քննարկելու տարբեր թեմաների շուրջ, և նա արհամարհում է, դա ժողովրդավարությանը չի համապատասխանում: Արայիկ Հարությունյանի պես անձը տեղ չունի այսօր ԿԳՄՍ նախարարի պաշտոնում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նա լքի այդ պաշտոնը»,- ասաց Հայկ Բաբալյանը:
Դիմորդը նաև նշեց, որ «Պահանջատեր դիմորդ» շարժման շարքերը համալրվում են նույնիսկ այնպիսի երիտասարդներով, որոնք այսօր չունեն բուհ ընդունվելու խնդիր: Բաբալյանը պնդեց, որ շարունակելու ենք պայքարը նախարարի հրաժարականի պահանջով:
«Երբ հասարակական տարբեր շերտեր պահանջում են այդ մարդու հրաժարականը, մի օր այդ ալիքը հասնելու է գագաթնակետին, և այլ տարբերակ չի մնալու, քան հրաժարականը»,- ասաց դիմորդը:
Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարի այն պնդմանը, որ մի շարք ուսանողների խնդիրը լուծվել է, Բաբալյանն արձագանքեց.
«Կոպիտ ասեմ, դիմորդներին խցկել են տարբեր համալսարաններ, մարդիկ ուզեցել են սովորել այլ տեղում, և իրենց հավաքած բալերը համապատասխանել են, բայց ընդունվել են այլ տեղ: Նրանցից շատերը յուրաքանչյուր պահի պատրաստ են կանգնել մեր կողքին: Այդ մարդկանց հարցը չի լուծվել, նույն կերպ դժգոհ են»:
Դիմորդները պահանջել էին հանդիպում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումների պահանջ այլևս օրակարգում չկա:
«Նիկոլ Փաշինյանից ակնկալիքներ չկան»,- ասաց Հայկ Բաբալյանը: