Բաժիններ՝

Վերին Լարսում շուրջ 10 օր մնալուց հետո ՀՀ քաղաքացիները վերադարձել են Հայաստան. ովքե՞ր են հոգացել ծախսերը

Հայաստանի մոտ 25 քաղաքացի, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, մոտ 10 օր Վերին Լարս անցակետում (ռուս-վրացական սահման) մնալուց հետո երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ինքնաթիռով վերադարձել են Հայաստան:

«Երեք հոգու՝ մոր և երկու երեխաների ինքնաթիռի տոմս է գնել Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոս Վարդան Ասոյանը, իսկ մյուսների տոմսերի հարցը լուծել է Վլադիկովկասի հայկական եկեղեցու խաչքավոր Տիգրան Անանյանը, ով մեծատառով մարդ է, իսկական հայ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Ավագյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու մեքենաների հարցը, նա պատասխանեց.

«Մեքենաներն ավտոքարշակով են բերվելու, իսկ այս հարցում մեզ օգնել է Վլադիկովկասի բնակիչ Գևորգ Մանուկյանը»:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները  ցանկանում էին սեփական մեքենաներով՝ ցամաքային ճանապարհով, Վրաստանի տարածքով վերադառնալ հայրենիք, սակայն հնարավոր չեղավ, քանի որ Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտից գործում է օտարերկրացիների մուտքի արգելք:

Նրանք ՌԴ-ում տարբեր պատճառներով էին հայտնվել. ոմանք մեկնել էին աշխատանքի, հետո կորցրել էին այն, ոմանք էլ՝ պարզապես որպես հյուր:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն  ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ սեփական մեքենաներով Հայաստան ՌԴ-ից գալ հնարավոր չէ, քանի որ գործում է Վրաստանի՝ իր երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս