6 ամսով կասեցվել է 649 վարորդի վարելու իրավունք
Արդեն 9 ամիս է, ինչ գործում է շատ վարորդների դժգոհության առիթ դարձած ճանապարհային երթևեկության խախտումների «բալային համակարգը»: Մինչև այժմ վարորդներին տրված 9 բալից միավոր հանվում էր այն պարագայում, եթե խախտումն արձանագրվել էր տեսանկարահանման և լուսանկարահանման համակարգով, իսկ սեպտեմբերի 1-ից վարորդը միավոր կկորցնի նաև ճանապարհային ոստիկանների արձանագրած իրավախախտումների դեպքում: 168.am-ը հարցում էր ուղարկել Ոստիկանություն՝ պարզելու, թե որքանո՞վ է արդյունավետ ներդրված համակարգը, արդյոք նվազե՞լ են ճանապարհատրանսպորտային պատահարները բալային համակարգի ներդրումից հետո:
«ՀՀ-ում հաշվառվել է 2490 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 184, մարմնական վնասվածքներ ստացել 3678 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 461-ով կամ 15.6%-ով, զոհերի թիվը՝ 36-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ 574-ով»,- գրված է պատասխանում:
Ոստիկանությունից հայտնում են, որ տուգանային միավորների կիրառմամբ դեռևս որևէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, սակայն 649 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք կասեցվել է 6 ամիս ժամկետով: Եղել են նաև «հնարամիտ» վարորդներ, որոնք փորձել են մեքենան վարել կասեցված իրավունքով:
Հանուն արդարության պետք է նշել, որ շատ վարորդներ գտել են օրենքը շրջանցելու տարբերակներ, իսկ Ոստիկանության ուժերը, այն էլ՝ համավարակի պայմաններում, ամենայն հավանականությամբ, դժվար թե բավարար մակարդակով կարողանային խիստ վերահսկողություն իրականացնել: Մեզ ուղարկած պատասխանում ոստիկանությունից փոխանցել են.
«Արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 45 դեպք: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների կիրառմամբ՝ ինչպես ամենօրյա ծառայության, այնպես էլ՝ հատուկ այդ նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքում»: