88-ամյա թուրք գրողը նախկին պետպաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքով կալանավորվել է
88-ամյա թուրք գրող և գրականագետ Հասան Բասրի Այդընը Թուրքիայի արդարադատության նախկին նախարարներ Ջեմիլ Չիչեքին և Շևքեթ Քազանին հասցեին վիրավորանքներ հնչեցնելու մեղադրանքով կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Տարեց այդ քաղաքացին առողջական խնդիրների պատճառով Մալաթիայից ինքնաթիռով մեկնել է Ստամբուլ, որտեղ էլ և բերման է հենց օդանավակայանից։ Հայտնի է դարձել, որ գրողի դեմ ընթացող դատավարությունները դադարեցվել են, սակայն դատական գործերի պետական ռեգիստրից դրանք պաշտոնապես չեն ջնջվել, ինչի պատճառով Այդընին ձերբակալելու, իսկ այնուհետև՝ կալանավորելու որոշում է կայացվել։ 88-ամյա գրողը պիտի տեղափոխվի Սիլիվրիի կալանավայր։
Նշենք, որ Հասան Բասրի Այդընը 1954թ․ սկսել է գրականություն դասավանդել։ Առաջին անգամ նա կալանավորվել է 1960թ. այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի դեմ ընթացող ուսանողական ցույցերին մասնակցելու համար։
Դրանից հետո Այդընը մի քանի անգամ ձերբակալվել և անգամ աքսորվել է, իսկ 1981թ․ Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ զրկվել է քաղաքացիությունից։ Այդ իրադարձությունը հիմք է հանդիսացել գրողի «Haymatlos» («Անհայրենիք») երկի ստեղծման համար։
Իր մեկ այլ՝ «Tanrıya Mektuplar» («Նամակներ Աստծուն») ստեղծագործության պատճառով ևս գրողն ազատազրկման է դատապարտվել։ Պատժի մի մասը գրողը կրել է կալանավայրում, իսկ հետո ազատազրկումը փոխարինվել է տնային կալանքով։
Նա Թուրքիայի արդարադատության նախարարին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված դիմումների, գրությունների կամ գեղարվեստական ստեղծագործությունների պատճառով ընդհանուր առմամբ 27 անգամ ազատազրկվել է։