Ավելի գյադաների ժամանակը

Ազգային ժողովի՝ ըստ կոնյունկտուրայի՝ հանրահռչակ կամ տխրահռչակ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ցանկանում է ավելացնել զրպարտության ու վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափերը։ 1 միլիոնի փոխարեն՝ 5 միլիոն, 2 միլիոնի փոխարեն՝ 10 միլիոն․․․ Հոգեբանների պարզելիքն է, անշուշտ, թե որքանով է կապված որպես պաշտոնյա ու լոբբիստ միլիոններին անձնապես հասու դառնալու իրողությունն օրինագծում հնչեղ թվեր ներառելու հանգամանքի հետ։ Բայց փաստն այն է, որ միլիոնասեր սույն փոխխոսնակը ցանկանում է թանկացնել զրպարտության գինը։

Սա շատ յուրահատուկ ու ախտորոշիչ նախաձեռնություն է, որի իրական մոտիվները տեսանելի չեն առաջին հայացքից։ Գործող իշխանության ներկայացուցիչների զգալի մասը՝ ամենաներքևից մինչև ու, առավել ևս՝ ամենավերև, կյանքում հաջողության են հասել հենց մանր, միջին ու գլոբալ նշանակությունների զրպարտության շնորհիվ։ Իշխանության դեմ պայքարի շրջանակներում զրպարտությունն ու կեղծիքի տարածումը միանգամայն ընդունելի ու կիրառելի միջոց էր, գուցե անգամ՝ անայլընտրանք։ Հիմա փոխվել են ոչ միայն ժամանակները, այլ նաև զրպարտության շուկայի խաղացողները։ Նախկին զրպարտողները հայտնվել են կարգավիճակներում, որոնք ի բնե զրպարտության հարմար թիրախային են, քանի որ այդպիսին է իշխանության բնույթն ու տրամաբանությունը։

Հասկանալիորեն, սակայն, զրպարտվելը պակաս հաճելի է, քան զրպարտելը։ Եվ ուրեմն, պետք է պայքարել զրպարտության դեմ, ինչն ինքնին ողջունելի է, գովելի ու փառաբանելի։ Խնդիրն այն է, սակայն, որ այս նախաձեռնությունը հղացողների մտքում, իսկ ավելի ճիշտ՝ ենթագիտակցության խորը շերտերում բնավորված է ոչ թե զրպարտության դեմ ողջունելի պայքարի, այլ դրա անվան տակ ոչ հաճելի լրատվության, մամուլի դեմ ասպատակության ցանկությունը, ինչի սերմերը ցանվում են ահա այդ տխրահռչակ կամ հանրահռչակ օրինագծով, որն ազդարարում է զրպարտության դարաշրջանի ավարտը։

Իսկ եթե ինչ-որ բան ավարտվում է, սկսվում է նորը, բնականաբար։ Իսկ ինչի՞ դարաշրջան է այսօր, եթե այլևս մոդայիկ ու միլիոնաբեր չէ զրպարտությունը։ Այո, այսօր մատնագրության դարաշրջան է։ Մատնագրությունն այսօր մոդայիկ է առավել, քան երբևէ։ Սկսած կենցաղային ՀԴՄ կտրոնի մասին իրազեկումից՝ մինչև էլիտար քաղաքական մատնագրությունն այսօր խրախուսվում է իշխանության ամենաբարձր, ավելի բարձր ու սարսափելի բարձր մակարդակով։ Ով-ով, բայց Ալեն Սիմոնյանը դա գիտի հրաշալիորեն ու անձնական փորձով, քանի որ դարձել է մեր ժամանակների քաղաքական մատնագրության մունետիկը՝ հրապարակավ դեմ դուրս գալով սեփական ընկերոջը՝ մատուցելով մատնագրության դասագրքային ու դասական օրինակ։ Համապատասխան պետական ու կուսակցական պարգևատրման դիմաց, բնականաբար։

Այսպիսով, մենք ապրում ենք տուգանվող զրպարտության ու խրախուսվող մատնագրության ժամանակաշրջանում, որովհետև նախկին զրպարտողները դարձել են գործող մատնիչներ, նախկին մատնիչները եկել են փոխարինելու նախկին զրպարտիչներին, որոնց մասին կհիշատակեն ապագայի պատմիչները։

Իսկ հոգեբանները, այդուհանդերձ, կարող են ուսումնասիրել, թե ինչպես է միլիոնների հետ առերեսվելու մոլուցքն անդրադառնում անձի հանրային վարքագծի վրա։ Գուցե դա արժանի ներդրում կլինի համաշխարհային հոգեբանության ժառանգության մեջ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս