Դատավորը մերժեց միջնորդությունը. Մարտի 1-ի սպանությունների գործով տուժողներն ու նրանց իրավահաջորդները կշարունակեն ներկա գտնվել՝ որպես տուժող, տուժողի իրավահաջորդ ու ներկայացուցիչ

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ տուժողներն ու տուժողների իրավահաջորդները դատական նիստերին չմասնակցեն տուժողների և տուժողների իրավահաջորդների կարգավիճակով, որը քննարկվել, ապա հետաձգվել է այն պատճառով, որ մյուս կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին ներկա չի եղել, և դատարանը որոշել էր հետաձգել նիստը, որպեսզի Եգորյանը գա ու իր կարծիքը հայտնի:

Քիչ առաջ դատավորը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը և հայտարարեց, որ այս գործով որպես տուժողներ ու նրանց իրավահաջորդներ ներկայացող անձանց դատավարական կարգավիճակը չի դադարեցվում, և վերջիններս կշարունակեն իրավունք ունենալ այս գործով ներկա գտնվել՝ որպես տուժողներ և տուժողի իրավահաջորդներ:

Հիշեցնենք, որ երեկ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց փաստաբանները հայտարարել են, որ այլևս չեն մասնակցելու այդ գործով դատական նիստերին:

168.am-ի հետ զրույցում, սակայն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը նշել էր, որ չեն կարող այս գործով լինել տուժողի իրավահաջորդ, նրանց ներկայացուցիչ հասկացությունները, որովհետև այս գործը չի քննվում մարմնական վնասվածքների, սպանությունների մասով: Այդ մասով գործը հիմա քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), և իրենք այդ կարգավիճակն այդ գործով են ստացել ու դրանով էլ պահպանել են այն: Այս պահին այդ գործով դեռևս նախաքննություն  է ընթանում:

«Մենք այն կարծիքին ենք, որ իրենցից շատերը, ոչ բոլորը պատճառ ու հիմքեր ունեն հարցաքննվելու այս գործով: Տարբեր տեղեկություններ կան, որ իրենք կարող են դատարանին հաղորդել, որոնք կարող են կարևոր լինել գործի համար, բայց ոչ տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կարգավիճակում»,- ասել էր փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս