«Հարցն այն է, որ իրենք ընդհանրապես տուժողի իրավահաջորդ կարգավիճակն այս գործով չունեն». Հայկ Ալումյան

«Մարտի 1-ի գործով» տուժողների իրավահաջորդներն ու նրանց փաստաբաններն այսօր հայտարարեցին, որ այլևս չեն մասնակցելու այդ գործով դատական նիստերին:

Փաստաբաններից Տիգրան Եգորյանը նշել էր, թե Մարտի 1-ի գործը մեկ դատավորի ուսերին թողնելը այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է:  Ըստ Եգորյանի՝ այդ գործով դատաքննությունը  վերածվել է «թանկարժեք ժամավաճառության և ֆարսի», իսկ նախագահող դատավորն էլ իր իշխանությունը կարծես կարողանում է իրացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ:

«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,- եզրափակել էր փաստաբանը:

168.am-ը մյուս կողմի, այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանին խնդրեց մեկնաբանել տուժողի իրավահաջորդների ու նրանց փաստաբանների որոշումը:

«Չեն կարող այս գործով լինել տուժողի իրավահաջորդ, նրանց ներկայացուցիչ հասկացությունները, որովհետև այս գործը չի քննվում մարմնական վնասվածքների, սպանությունների մասով: Այդ մասով գործը հիմա քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), և իրենք այդ կարգավիճակն այդ գործով են ստացել ու դրանով էլ պահպանել են այն: Այս պահին այդ գործով դեռևս նախաքննություն  է ընթանում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նրանք որևէ կարգավիճակ չեն կարող ունենալ:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության, «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հայկ Ալումյանը նշեց, որ նախորդ դատական նիստին իրենք միջնորդություն են ներկայացրել դատավորին այն մասին, որ տուժողներն ու տուժողների իրավահաջորդները դատական նիստերին չմասնակցեն տուժողների և տուժողների իրավահաջորդների կարգավիճակով, որը քննարկվել, ապա հետաձգվել է այն պատճառով, որ մյուս կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին ներկա չի եղել, և դատարանը որոշել էր հետաձգել նիստը, որ Եգորյանը գա ու իր կարծիքը հայտնի:

«Հիմա իրենք որոշել են չգալ նիստերին, սակայն հարցն այն է, որ իրենք ընդհանրապես տուժողի իրավահաջորդ կարգավիճակն այս գործով չունեն, երբևէ չի տրվել նրանց այդ կարգավիճակը»,- ասաց փաստաբանը:

Հարցին՝ փաստորեն այսքան ժամանակ նրանց մասնակցությունը դատական նիստերին՝ որպես տուժողի իրավահաջորդներ, ոչ իրավաչա՞փ է եղել, Հայկ Ալումյանը պատասխանեց՝ այո:

«Մենք այն կարծիքին ենք, որ իրենցից շատերը, ոչ բոլորը պատճառ ու հիմքեր ունեն հարցաքննվելու այս գործով: Տարբեր տեղեկություններ կան, որ իրենք կարող են դատարանին հաղորդել, որոնք կարող են կարևոր լինել գործի համար, բայց ոչ տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կարգավիճակում»,- ասաց փաստաբանը:

168.am-ի հարցին, թե այդ դեպքում նրանց այսօրվա հայտարարության իմաստը ո՞րն է, և չէ՞ որ իրենք շատ լավ գիտեն, որ այս գործով իրենք տուժողի իրավահաջորդներ չեն ճանաչվել, հետևաբար՝ նրանց մասնակցել-չմասնակցելը դատավարական ընթացակարգերի մասով հարց չի լուծում, Հայկ Ալումյանն ասաց, որ ինքը չէր ուզի նրանց ասածը մեկնաբանել:

«Այն, ինչ ես ասացի, ես ասացի ոչ թե՝ որպես մեկնաբանում նրանց ասածների, այլ ուղղակի հիշեցրեցի, որ մենք այդպիսի միջնորդություն ենք ներկայացրել, ու այդ միջնորդությունը հիմա քննարկման փուլում է: Եվ եթե խոսում են ձգձգումների մասին, անցած դատական նիստը հենց Տիգրան Եգորյանի բացակայության պատճառով հետաձգվեց, և լավ կլինի, որ այդ մասին նույնպես հիշեն»,- ասաց փաստաբանը:

Վերջինս ասաց, որ իրենք ներկայացրել էին իրենց միջնորդությունները՝ հիմնավորումներով հանդերձ, առարկություն էին ներկայացրել դատախազները, և դատարանը պետք է լսեր այն կողմին, որը դատարանում նստած էր՝ որպես տուժող, և ապա կայացներ իր որոշումը:

«Վաղը որոշել են չգալ: Ես կարծում եմ՝ դատարանը պարտավոր կլինի բոլոր դեպքերում որոշում կայացնել՝ անկախ նրանից՝ նրանք կգա՞ն, թե՞ ոչ: Ուղղակի ափսոս, որ մեկ դատական նիստ մենք կորցրինք, որովհետև եթե նրանք պետք է չգային, կարելի էր անցած դատական նիստը չհետաձգել, ու միանգամից որոշումը լիներ: Ու հետո տարբեր կողմերից խոսում են, թե իբր մենք ենք դատավարությունը ձգձգում: Չի կարելի այդպես: Մենք մի անգամ մանրամասն, բոլոր օրերով, ժամերով, նիստերի քանակով, ո՞ր նիստը ինչի՞ է հետաձգվել, ո՞ւմ նախաձեռնությամբ է հետաձգվել, դատական նիստին ներկայացրել ենք, որտեղից պարզորոշ երևում է, որ ամենաքիչը ձգձգումների համար պատասխանատու է մեր կողմը»,- ասաց 2-րդ նախագահի փաստաբանական թիմի անդամը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ամեն դեպքում դատարանը իրենց միջնորդության մասով իր որոշումը պետք է կայացնի՝ դադարեցնո՞ւմ է արդյոք, թե՞ ոչ այս գործով մյուս կողմի՝ որպես տուժողներ ու տուժողի իրավահաջորդներ, դատավարական կարգավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս