Բաժիններ՝

«Առնետների հետ եմ ապրում, դիմացը ձմեռ է, երեխուս նկարները վերցնեմ՝ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ․․․». Մահացած զինծառայողի մայրն ուզում է իմանալ՝ ինչու է մահացել որդին

Նախորդ տարի դեկտեմբերին դեռևս չպարզված հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, 9-ամսյա պայքարից հետո որոշել է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելու համար պարզել միակ որդու մահվան հանգամանքները։

2019թ․ դեկտեմբերին մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության մոտ և Ազգային ժողովի դիմաց, հանդիպեցին վարչապետին և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։ Վերջինս խոստացել էր, որ քայլեր կձեռնարկեն Ա. Աջամյանի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Վարչապետ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ ամեն ինչ կանեն, որպեսզի տեղի ունենա օբյեկտիվ քննություն։

Երկու ամիս առաջ տիկին Գոհարը գնացել էր ԱԺ՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու համար, սակայն նա չէր ընդունել, ըստ Գոհար Ֆերոյանի՝ նույնիսկ հեռախոսազանգերին չէր պատասխանել։

168.am-ի հետ Գոհար Ֆերոյանն ասաց, որ այլևս չի ցանկանում հանդիպել Անդրանիկ Քոչարյանի հետ, միակ մարդը, ում հետ այս պահին ցանկանում է հանդիպել և բարձրաձայնել խնդիրը՝ վարչապետն է։

«Ես ուզում եմ՝ ինձ ասեն՝ ինչո՞ւ է որդիս մահացել՝ պատճառն եմ ուզում իմանալ, ինչո՞ւ։ Ես չգիտեմ՝ վարչապետն արդյո՞ք ինձ կընդունի, կհանդիպի, բայց ես դրա համար քայլեր կձեռնարկեմ։ Մոլորված եմ, ի՞նչ անեմ, մեկը չգա՞՝ ինձ ասի, թե որ կողմ գնամ։ Որդուս մահվանից անցել է 9 ամիս, բայց մենք դեռևս նրա մահվան պատճառները չգիտենք»,- ասաց Գ. Ֆերոյանը։

Տիկին Գոհարի խոսքով՝ պատկան մարմիններից որևէ մեկն իրեն չի աջակցում, իր հետ չեն խոսում. «Եթե այսպես շարունակվի՝ չեմ բացառում, որ նորից մենք բողոքի ակցիաներ կիրականացնենք, կգնանք ԱԺ-ի ու Կառավարության մոտ, եթե այսպես խնդրին լուծում չեն տալիս, գուցե այդ ճանապարհն ընտրենք։ Ինձ մի բան է հետաքրքրում՝ ինչո՞ւ է մահացել միակ որդիս, ո՛չ պատերազմի է մասնակցել, ո՛չ դիվերսիա է եղել»,- հավելեց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին վարձով է բնակվում մեկ փոքր սենյակում, որը նույնիսկ նորմալ պատուհաններ չունի.

«Առնետների հետ եմ ապրում, դիմացը ձմեռ է, երեխուս նկարները վերցնեմ՝ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ։ գոնե մի սենյակ լինի, ես երեխուս նկարները պաշտպանեմ անձրևից։ Այսինքն՝ սենյակ էլ չէ, դա «չուլան» է, որ օրը զգում եմ, որ պետք է անձրև գա, երեխուս նկարները հավաքում եմ ու ցելոֆանով փակում։ Որևէ մեկն այսքան ժամանակ իմ դուռը չի բացել՝ տեսնելու՝ մեռե՞լ եմ, թե՞ ոչ։ Առողջական խնդիրներ ունեմ՝ սրտիս հետ կապված, մինչև իմ երեխու մահվան հանգամանքները չպարզեն, բժշկի չեմ գնա, իմ կյանքն ո՞ւմ է պետք։ Նույնիսկ իմ երեխեն ինձ երազ է գալիս, ասում է՝ մամ, ամեն ինչ սերժանտներն են արել, հիմա ես սա ո՞ւմ ասեմ, ի՞նչ անեմ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր և երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։

Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը երեկ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Դավիթ Մելիքբեկյանը կոմայից արդեն դուրս է եկել և այժմ գտնվում է վերականգնողական կենտրոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս