Բաժիններ՝

Դիրքերում մահացած Արթուր Աջամյանի ծառայակիցը կոմայից դուրս է եկել. Հայարփի Սարգսյան

Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում  ասաց, որ Արթուրի ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը, որը նույն օրը վիրավորվել էր՝ կոմայից դուրս է եկել և այժմ գտնվում է վերականգնողական կենտրոնում։

«Այս պահին նա դեռ խոսել չի կարողանում, սակայն բժիշկները կարծում են, որ կկարողանան վերականգնել, նրան բուժում են։ Այս կորոնավիրուսային համաճարակը բոլորիս շատ խանգարեց, շատ գործողություններ ժամանակին չարվեցին, հիմա էլ չեն թույլատրում, որպեսզի վիրավորին տեսնենք, այդ կենտրոն չի կարելի մուտք գործել, հետևաբար՝ հարցաքննություն ևս չի կարող իրականացվել։ Այսինքն՝ այս պահի դրությամբ նոր տեղեկություն չկա, բացի վիրավոր զինծառայողի վիճակի բարելավումից։ Երեք օր առաջ գնացել էինք նրա ընտանիքին այցի, խոսեցինք, հասկացանք, որ Արթուրը և Դավիթը որևէ լարված հարաբերությունների մեջ չեն եղել։ Այս պահին մենք գիտենք այդքանը, որ նրանք միմյանց չէին կարող վնասել»,- ասաց Հայարփի Սարգսյան։

Նրա կարծիքով՝ Դավիթ Մելիքբեկյանը գործի հետ կապված՝ կարող է արժանահավատ ցուցմունք տալ, ավելին՝ նա միակը կարող է լինել, որը կարող է ճիշտ ցուցմունք տալ. «Ըստ իս, նա գործի 99 տոկոսը կարող է բացահայտել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է դիրքեր այցելելուն, որտեղ վրա էր հասել Արթուր Աջամյանի մահը, Հայարփի Սարգսյանն ասաց, որ դիրքեր չեն կարողացել այցելել:

«Հիշեցնենք, որ փորձաքննությունների եզրակացություններ ենք ստացել՝ թե՛ հագուստների, թե՛ զենքերի պարկուճների վերաբերյալ։  Արթուրի և վիրավորում ստացած զինծառայողի հագուստների հետքերի հետ կապված համեմատություններ են իրականացրել, և որևիցե մեկի հետքը մյուսի վրա չէր հայտնաբերվել։ Սա խոսում է այն մասին, որ նրանք միմյանց հետ վիճաբանություն չեն ունեցել, առնվազն միմյանց չեն քաշքշել։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր 90 պարկուճ, ինչպես որ նախկինում ասել էի, որոնք կրակված են  տարբեր զենքերից։  90-ից 69-ը կրակված է վիրավորի գնդացրից, 8-ը՝ դիրքի ավագի, 7-ը՝ Արթուրի, իսկ 6-ը՝ մեկ այլ շարքային զինծառայողի։ Այլ տեղեկություն այս պահին չկա, բայց առաջիկայում սպասում ենք, քանի որ կրկին փորձաքննություններ են նշանակված դատագենետիկական, սպասում ենք արդյունքների։ Կարծում եմ՝ տուժող կողմի համար դժվարություններ կան այն առումով, որ ոչ բոլոր նյութերն են մեզ հասանելի, ամեն դեպքում մենք չունենք վկաների հարցաքննության վերաբերյալ տեղեկություն և չգիտենք, թե որ վկան դեպքի վերաբերյալ ինչ է ասել»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս