«Փող չեմ ունեցել, պարտք եմ արել, հասել եմ Երևան, որ ինձ հետ չհանդիպե՞ն». Զոհված զինծառայողի մայրը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին
Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մորը՝ Գոհար Ֆերոյանին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի ընդունել։
Ըստ տիկին Գոհարի՝ ԱԺ գնալուց երկու օր առաջ Անդրանիկ Քոչարյանը խոստացել էր, որ կընդունի, և կզրուցեն, սակայն չի ընդունել։
«Ես գնացի, չորս ժամ ԱԺ ընդունարանում սպասեցի, սակայն Անդրանիկ Քոչարյանն այդպես էլ չընդունեց։ Ես նրան դիմել էի, ինքն էլ խոստացել էր, որ չորեքշաբթի օրը ինձ հետ կհանդիպի, բայց այդպես էլ մեզ չընդունեց։ Հիմա ասեք, ես ուր գնամ, ում դիմեմ, որ իմ հարցին լուծում տան, ում դիմեմ, որ ինձ բացատրի, թե ինչու է մահացել իմ մինուճար որդին։ Ընդունարանում այնքան սպասեցի, որ նույնիսկ վատացա, վատառողջ կին եմ, նա նույնիսկ իմ զանգերին չպատասխանեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գոհար Ֆերոյանը։
Ըստ նրա, որդու մահվանից անցել է 7 ամիս, սակայն այս ընթացքում չեն բացահայտել, թե ինչ պատճառով է նա մահացել։
«Ես ուզում եմ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպեմ ու պարզեմ, ի վերջո, այս գործը բացահայտվելու է։ Նա նախորդ տարի ԱԺ-ի դիմաց սկեսրայրիս ձեռքը սեղմեց և խոստացավ, որ գործը կբացահայտի, բա ո՞ւր է։ Նա նույնիսկ սկեսրայրիս զանգերին չի պատասխանում, վատառողջ կին եմ, այդքան ճանապարհ կտրել-հասել էի Ազգային ժողով, գոնե զանգերիս պատասխաներ»,- հավելեց Գոհար Ֆերոյանը։
Հիշեցնեք, որ դեռևս նախորդ տարի դեկտեմբերի 4-ին մահացած զինծառայողի ընտանիքի անդամները, հարազատները հավաքվել էին ԱԺ-ի մոտ և պահանջում էին բացահայտել Արթուր Աջամյանի մահվան պատճառները։ Այս ժամանակ Անդրանիկ Քոչարյանը զրուցեց նրանց հետ և վստահեցրեց, որ կանեն ամեն ինչ, որպեսզի մահվան հանգամանքները բացահայտեն։
Իսկ Գոհար Ֆերոյանը մեզ պատմեց նաև, որ սեփական տուն չունի, այն տունը, որտեղ այսօր բնակվում է՝ չունի որևէ պայման, սակայն պետությունից որևէ բան չի ուզում, միայն որդու մահվան պատճառն է ուզում բացահայտեն։
«Փող չեմ ունեցել, պարտք եմ արել, հասել եմ Երևան, որ ինձ հետ չհանդիպե՞ն, լավ, գոնե ինձ պատճառն ասեն, ինչո՞ւ զոհվեց երեխաս»,- եզրափակեց նա։