«Ամեն ինչ կանենք, որ քննությունը գնա օբյեկտիվ. Կարո՞ղ ենք արդյոք մեր տղային ետ բերել, իհարկե չենք կարող». Նիկոլ Փաշինյանը՝ մահացած զինծառայողի հարազատներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունեց վաղ առավոտից Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին։

Փաշինյանը նշեց, որ տեղի է ունեցել մեծ ողբերգություն, հարուցվել է քրեական գործ երկու և ավելի անձանց սպանության փորձի առիթով։

«Հիմա գնում է քննություն, մենք ամեն ինչ կանենք, որ քննությունը գնա օբյեկտիվ։ Այո՛, ամեն ինչ կանենք, իսկ կարո՞ղ ենք արդյոք մեր տղային ետ բերել, իհարկե  չենք կարող։ Կրկնում եմ՝ ամեն ինչ կանենք, որ քննությունը օբյեկտիվ ընթանա»,- ասաց  վարչապետը։

Կառավարության ղեկավարն ասաց, որ այս ամենը նաև փողոցային բարքերի հետևանք է, և դրա պատճառով է, որ իրենք քրեական հեղինակություններին իրենց տեղն են ցույց տալիս, իսկ բանակում Պաշտպանության նախարարը պարզապես չի կարող գնալ և ամեն մի զինվորի գլխին կանգնել։

Հարազատների հետ վարչապետի մոտ հանդիպման ներկայացած մահացած զինծառայողի գործով  զբաղվող փաստաբանը նշեց, որ վարչապետին, հավանաբար, ոչ ամբողջական տեղեկատվություն են տվել, և նշեց, որ  մահացածի ճակատային մասում առկա է եղել վնասվածք։

Փաշինյանն ի պատասխան՝ նկատեց, որ քանի որ գործի բոլոր մանրամասներին ծանոթ չէ, հետևապես՝ կարող է վստահել միայն գործի արդար քննությանը և չի կարող ո՛չ համաձայնել, ո՛չ էլ ընդունել փաստաբանի դիտարկումը։

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ արվելու է, որ գործը բացահայտվի։ Կառավարության ղեկավարը նաև խոստացավ, որ նախաքննական մարմիններից հարազատներին կտրամադրվի հավելյալ տեղեկատվությունը։

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները շնորհակալություն հայտնեցին Կառավարության ղեկավարին իրենց ընդունելու համար և հեռացան՝ խոստանալով  դադարեցնել բողոքի ակցիան։

Տեսանյութեր

Լրահոս