«Կոնկրետ գործերի քննության հետ կապված՝ Արդարադատության նախարարն ունի այնքան անելիք, ինչքան, օրինակ, Ֆինանսների նախարարը». Ռուստամ Բադասյան
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք՝ փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ մասնավորապես հայտնել էր. «Առհասարակ «Մարտի 1»-ի գործերն այն լակմուսի թուղթն են, որոնք հանդիսանում և առաջիկայում հանդիսանալու են ցուցիչ դատական և իրավական բարեփոխումների, կամ առավել ընդգրկուն՝ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական և իրավական պետություն բովանդակությունը սպասարկող իրավական քաղաքականության գնահատման համար։ Իհարկե, այդպիսի գործեր են նաև տարիներ շարունակ և այժմ շարունակվող ունեզրկման զոհերի գործերը, կյանքի իրավունքին (սպանված զինծառայողների գործերը), խոսքի և հավաքների իրավունքներին և մի շարք այլ իրավունքներին վերաբերող գործեր, որոնք դարձել են և շարունակում են մնալ խարան ՀՀ-ի համար։ Այս գործերը և դրանցով զարգացումները հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և մարդու իրավունքների ընթացիկ և իրական վիճակը, շարժման ուղղությունը»։
Լրագրողի դիտարկմանը, թե տարածած հայտարարությամբ Մարտի 1-ի իրավահաջորդները բոյկոտում են Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ իշխանությանն ուղղված այն մեղադրանքներով, որ համակարգում առողջացմանն ուղղված քայլեր չեն անում, նախարարն արձագանքեց.
«Ես, ճիշտն ասած, ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի հարազատների տարածած հայտարարությանը և իրենց պատճառաբանություններին, բայց կարծում եմ՝ դատաիրավական բարեփոխումները, որոնք կատարվում են ու բավականին ինտենսիվ ընթացքի մեջ են, ու բազմիցս պարզաբանել ենք թե՛ այդ բարեփոխումների բովանդակությունը, թե՛ կոնկրետ ձեռնարկվող քայլերը… կարծում եմ, ամեն դեպքում ճիշտ չի կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը, իսկ կոնկրետ գործի մասով որևէ մեկնաբանություն չեմ կարող անել»:
Հարցին, թե իրենք նշել են, որ այս բոյկոտն իշխանություններին ուղղված քայլ է, որպեսզի հետևություններ անեն, Դուք ինչ-որ հետևություններ անելու խնդիր տեսնո՞ւմ եք, Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի՝ ամբողջությամբ չեմ ծանոթացել, սա՝ մեկ, երկրորդը՝ ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ես ինքս առանձին դեպքերում տեսնում եմ միտումներ դատական նիստերը ձգձգելու և ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ՝ արդարադատությունից խուսափելու: Չգիտեմ… այս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր, կամ դատավորն ինքնաբացարկ է հայտնում, այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, կամ չի հայտնում ինքնաբացարկ, երբ… Բնականաբար, այս բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ»:
Հարցին, թե Մարտի 1-ի իրավահաջորդները ձգձգումներից են դժգոհում, այս առնչությամբ Դուք անելիք տեսնո՞ւմ եք՝ նախարարը պատասխանեց. «Ես կոնկրետ գործով անելիք չունեմ, ես Արդարադատության նախարարն եմ, ով արդարադատության ոլորտում քաղաքականությունն է մշակում, բայց բազմիցս նաև նշել ենք, որ դատարանները Հայաստանում առանձին համակարգ է՝ անկախության երաշխիքներով. դատական համակարգում կոնկրետ գործերի քննության հետ կապված՝ Արդարադատության նախարարն ունի այնքան անելիք, ինչքան, օրինակ, Ֆինանսների նախարարը»:
Հիշեցնենք՝ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախարարն այսօր ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։