Ի՞նչ եք առաջարկում անել երեխաներին, որ չտանենք մանկապարտեզ, բա որտե՞ղ թողնենք. Ծնողները՝ քաղաքապետարանին

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գտնվելով «COVID-19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում են նախադպրոցական կրթությունը:

«2020-2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար: Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում: Առաջնահերթությունը տրվելու է

ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,

բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,

գ/ տվյալ հաստատության աշխատակցի երեխային:

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է»,- հայտարարել էր Հայկ Մարությանի խոսնակը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզի տնօրենները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ  տեսել են քաղաքապետի խոսնակի գրառումը, սակայն դեռ պաշտոնական  գրություն չեն ստացել:

«Ամեն դեպքում այս տարի ընդունելություն չի լինելու: Ինչպես պարզ դարձավ՝ 5-6 տարեկաններն են միայն հաճախելու, իսկ այլ մանրամասների դեռևս չենք տիրապետում»,- պատասխանեցին Երևանի թիվ 126 մանկապարտեզից, որը 2016թ.-ից կոչվել է «Ժպիտներ»:

Երևանի թիվ 162 մանկապարտեզից էլ հայտնեցին, որ իրենք, երեք ամիս է՝  գործում են: Հերթապահ մանկապարտեզ է, նորմալ պայմաններ են՝ ապահովված ամեն ինչով: Ինչ վերաբերում է ընդունելությանը, ապա սպասում են պաշտոնական տեղեկատվության, չեն սահմանափակվում ֆեյսբուքյան լրահոսով:

Ինչ վերաբերում է երեխաների ծնողներին, ապա նրանց այդքան էլ չի գոհացրել այս որոշումը:

«Իսկ ի՞նչ անեն այն երեխաները, ովքեր դեռ մինչև համաճարակի սկիզբն  արդեն 1 տարուց ավելի հերթագրված էին ու սպասում էին իրենց հերթին, հիմա էլ հերթագրված երեխաների ընդունելությունը կասեցված է»,- սոցիալական ցանցում հարց է բարձրացրել Լուսինե Ավետիսյանը:

«Ի՞նչ որոշում է սա, ի՞նչ եք առաջարկում անել երեխաներին, որ չտանենք մանկապարտեզ, բա որտե՞ղ թողնենք։ Ի՞նչ անմիտ որոշում է սա»,- գրել է Սեդա Ազատյանը:

«Հիմա տանում եմ վճարովի մանկապարտեզ, բայց հետո չգիտեմ, կշարունակե՞մ տանել, թե՞ ոչ: Շատ դժվար է: Անհեթեթ քայլերի մի շղթա է: Օր օրի ավելի է դժվարանում ամեն ինչ: Բայց մի բան հաստատ է. պետությունն ասում է՝ երեխաներ ունեցեք, բայց հետո դու լուրջ խնդիրներ ես ունենում: Կարող էին գոնե կոմպենսացնել այս ծնողներին, ովքեր ստիպված տանում են վճարովի մանկապարտեզ: Նոր ընդունելություն չկա, իմ երեխայի 3 տարեկանը փետրվարին լրացավ, և հիմա արդեն պետք է  գնար մանկապարտեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրինե Նասլյանը:

Տեսանյութեր

Լրահոս