«Կամավորական միություններն ի՞նչ են անելու. լուծարվելո՞ւ են, թե՞ համալրեն աշխարհազորը. պետության ակնկալիքը չեմ տեսնում». Արման Սաղաթելյան

Օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման դրեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել աշխարհազոր։ Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանի խոսքով՝ աշխարհազորի ստեղծումը թեև ուշացած քայլ է, բայց շատ կարևոր։

«Տվյալ նախագիծը 25 տարով ուշացած է։ Իմ կարծիքով՝ այս ոլորտում բոլոր հարցերը՝ սկսած վետերանական կառույցներից մինչև աշխարհազորի ստեղծում, պետությունը պետք է վերցներ իր վրա և առաջնային դեր ունենար այս հարցերում, ինչը տևական ժամանակ, սակայն  չէր անում։ Խնդիրն այստեղ միայն աշխարհազորը չէ, իհարկե,  այս համակարգի ստեղծումը որակում եմ կարևոր քայլ՝ լավ է  ուշ, քան երբեք,  բայց այն նախագիծը, որը ես տեսնում եմ, ինձ մոտ չի ձևավորում ամբողջությամբ այն վերջնական պատկերը, թե ինչ եղանակով է այս ամենը կազմակերպվելու»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ աշխարհազորի ստեղծումը ևս մեկ քայլ է բանակ-հասարակություն առավել սերտ համագործակցության հասնելու համար և տեղավորվում է Ազգ-բանակ կոնցեպտի մեջ։

Անդրադառնալով այս նախագծի հետ կապված  մտահոգություններին՝ մասնավորապես, խաղաղ պայմաններում աշխարհազորի՝  քաղաքական նպատակներով օգտագործման վտանգին, Սաղաթելյանը նշեց, որ տեսականորեն գուցե նման բան կարող է լինել, և առհասարակ հետևելով վերջին տարիներին մեր երկրում ընթացող զարգացումներին՝ որևէ բանի վրա չի զարմանում։

«Ելնելով այն պրոցեսներից, որոնք ընթանում են մեր երկրում, ես ընդհանրապես չեմ զարմանում մեր երկրում ընթացող  գործընթացներից, բայց  պատկերացնո՞ւմ եք, օրինակ, ցույց ցրելն ի՞նչ հմտություններ, պրակտիկա, գիտելիք է պահանջում. դա նեղ մասնագիտական և բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող գործողություն է։ Գործնականում ես այստեղ խնդիրներ եմ տեսնում»,- ասաց Սաղաթելյանը։

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ գործնականում լրջագույն խնդիրներ է տեսնում մեկ այլ հարցում՝ իր համար հստակ չէ, թե կամավորական կազմակերպություններն ու աշխարհազորի  փոխգործակցությունն ինչպես է պատկերացնում պետությունը։

«Շատ է շահարկվում «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության անունը, բայց նրանցից բացի, մենք ունենք բազմաթիվ այլ կամավորական միություններ, որոնց՝ աշխարհազորի հետ փոխգործակցությունը անհասկանալի է մնում։ Այստեղ խնդիրներ ենք  ունենում, որովհետև այդ կամավորական միություններն ունեն իրենց ենթակառուցվածքները, իրենց հրամանատարության սկզբունքները, և չգիտեմ՝ ինչպե՞ս են փոխհարաբերվելու։ Ես ակնկալում էի, որ այդ կառույցները հստակ կշարադրեին իրենց տեսլականն աշխարհազորի վերաբերյալ, ինչը դեռ չկա։ Մյուս կողմից՝ ես չեմ տեսնում պետության հստակ ակնկալիքը կամավորական միություններից. այս կազմակերպություններն ի՞նչ   անեն՝ լուծարվե՞ն, թե՞ վերակազմավորվեն ու համալրեն աշխարհազորը. այս հարցերում պետության ակնկալիքը չեմ տեսնում։ Այս նախագծի հետ կապված խնդիրները շատ ավելի շատ են, քան տրված պատասխանները»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս