«Իշխանությունը պետք է օր առաջ հրաժարական տա. խորապես համոզված եմ, որ լինելու է դա». Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը չի հասկանում՝ ինչի համար է արտակարգ դրության ռեժիմը, կամ ինչի համար է այն փոխարինվում կարանտինով, եթե պարտադիր է միայն դիմակ կրելն ու ձեռքերն ախտահանելը:
«Կարելի է ընդամենը մի օրենք ընդունել, և համավարակի շրջանում բոլորը դիմակ կրեն: Նույնիսկ օրենքով ամրագրել խախտման դեպքում անհրաժեշտ տուգանքները: Այսինքն՝ որևէ այլ ռեժիմ անիմաստ է: Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Փոխարենը՝ մենք խնդիրներ ենք ստեղծում մեզ համար: Այսօր հետևում էի ԱԺ արտահերթ նիստին և մեծ իմաստով համաձայն եմ այն մտահոգությունների հետ, որոնք հիմնավորում են, որ այս ամենով միջազգային հարթակներում մեր պետության նկատմամբ ձևավորում ենք շատ զգուշավոր, բացասական վերաբերմունք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Խոսրով Հարությունյանը նկատեց՝ ի՞նչ է նշանակում՝ 6 ամիս կարանտին. «Ի՞նչ են անելու, բացի նրանից, ինչ հիմա անում ենք՝ սոցիալական հեռավորություն ենք պահում, կրում ենք դիմակ, պահպանում հակահամաճարակային կանոնները: Հետևաբար՝ ի՞նչ իմաստ ունի կարանտինը: Ես չեմ կարողանում հասկանալ՝ իշխանությունների ինչի՞ն էր դա պետք»:
ՀՀ նախկին վարչապետն ընդգծեց՝ ՀՀ գործող իշխանությունները ադեկվատ չեն թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս ստեղծված իրավիճակին. «Սա փաստ է: Ինչքան ուզում են 100 փաստ բերել, ինչ ուզում են՝ ներկայացնեն, փաստ է՝ իշխանությունը թե՛ դրսում, թե՛ ներսում ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին: Եվ եթե հաշվի ենք առնում առկա սպառնալիքները, որոնց դիմագրավելու համար համախմբումը, ինստիտուցիոնալ կարողությունների ավելացումը, նոր լուծումներ, նոր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան վաղը-մյուս օրը մեր տեսլականն իրականություն դարձնել, եթե իշխանությունն ունակ չէ նման բաներ իրականացնել, իսկ դա մենք փաստում ենք այսօր, հետևաբար՝ այս իշխանությունը պատմության առջև սեփական քաղաքական պատասխանատվությունը գիտակցելով՝ պետք է օր առաջ ինքը հրաժարական տա: Խորապես համոզված եմ, որ լինելու է դա: Ենթադրում եմ, որ բանականությունը, քաղաքական ողջամտությունը դրա մասին է խոսում»:
Խոսրով Հարությունյանի համար ընդդիմադիր լինելն ինքնանպատակ չէ. «Ես այսօր, ցավոք սրտի, փաստում եմ, որ օրվա իշխանություններն ունակ չեն խնդիր լուծելու: Ես այն մարդը չեմ և ոչ միայն ես՝ ընդդիմության մեջ շատ-շատերը երբևէ չեն չարախնդա իշխանության ձախողումների վրա, որովհետև այս պայմաններում չարախնդալը դավաճանության նման բան է: Փոխարենը՝ մենք փորձում ենք անընդհատ ներկայացնել առաջարկություններ: Եթե ես տեսնեի, որ վարչապետը ուզում է, բայց չի ստացվում, թևերս քշտած՝ կողքին կկանգնեի, բայց ես չեմ տեսնում դա: Այդ պատասխանատվության գիտակցումը նրա մոտ չեմ տեսնում»:
Նրա դիտարկմամբ՝ վաղ թե ուշ ընդդիմությունը, որը, ըստ նրա՝ թե՛ իր փորձառությամբ, թե՛ հմտությամբ, թե՛ ինտելեկտով, բոլոր պարամետրերով գերազանցում է օրվա իշխանություններին, պատրաստ է լինելու ստանձնել այդ պատասխանատվությունը. «Խնդիրն այն չէ, թե ով պետք է իշխանության գա, խնդիրն այն է, թե ինչպես անենք, որ երկիրը պատրաստենք այս սպառնալիքներին դիմագրավելու կարողություններով: Դա մեկ ուժի գործ չէ, պետք ա անպայման քաղաքական ուժերի համախմբում լինի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում