«Ապաշնորհությունը չափ և սահման չունի». Խաժակյանը՝ ավտոբուսների կասեցված մրցույթի մասին
Հուլիսին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ համայնքի բյուջեի միջոցներով 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերեն։ Երեկ Գնահատող հանձնաժողովը կասեցրել է այդ ավտոբուսների գնման ընթացակարգը: Որոշել են բավարար գնահատված հայտ ներկայացրած մասնակիցներին հրավիրել գների նվազեցման միաժամանակյա բանակցությունների: Նշենք, որ մրցույթի հայտ ներկայացրած «Մուլտի մոթորս» և «Ռեգնում» ՍՊԸ-ները Քաղաքապետարանի նախահաշվային գնից ցածր գին են առաջարկել: 1 մլրդ 950 մլն դրամ նախահաշվային գնի փոխարեն՝ «Ռեգնում» ՍՊԸ-ն առաջարկել է 1 մլրդ 945 մլն 200 հազար դրամ, իսկ «Մուլտի մոթորս»-ը՝ դրանից էլ 200 հազարով պակաս՝ 1 մլրդ 945 մլն դրամ: Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, հայտարարվել էր 100 ավտոբուսների մրցույթ, որը չէր կայացել, հաղթող չէր եղել: 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ 100 փոքր չափի ավտոբուսների մրցույթն էլ նույն վերջաբանն ունենա, ինչ 100 մեծ ավտոբուսներինը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանեց.
«Չի բացառվում, որովհետև ապաշնորհությունը չափ և սահման չունի: Մնացած առումներով ինչ-որ գրել են տեխբնութագրում, այն էլ ստացել են, կասեցման պատճառները դժվարանում եմ հասկանալ»:
Մրցույթի հրավերում նշվում է, որ գնման ենթակա ավտոբուսը պետք է ունենա նվազագույնը 14 նստատեղ, հաշմանդամության մեկ սայլակի տեղավորման և 4 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորություն, մուտքի և ելքի մեկ դռան դեպքում` առավելագույնը 17 նստատեղ և կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորություն: Հայտ ներկայացրած երկու ընկերությունները՝ «Մուլտի մոթորս» և «Ռեգնում» ՍՊԸ-ները, ներկայացրել են չափորոշիչներին այս մասով իդեալական համապատասխանող հայտեր: Ավելի վաղ ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել էր, որ պատվիրվածը ոչ թե ավտոբուս, այլ «Գազել» է, իսկ Երևանի տրանսպորտային նոր ցանցի նախագծով գազելներ չեն նախատեսվում, ավելին՝ բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության առաջարկով մայրաքաղաքում ամենափոքր ավտոբուսը պետք է տեղափոխի 45-55 ուղևոր:
«Նոր ցանցում այդ մեքենաները տեղ չունեն, եթե, իհարկե, ցանցը չվերաձևվի, չվերահաշվարկվի, ինչը ենթադրում է լրացուցիչ և նոր ծախս, իսկ ակնհայտ է, որ դրանք մեր շրջանում ավելի հայտնի միկրոավտոբուսներն են, և, բնականաբար, այն չեն, ինչ խոստացել էր քաղաքային իշխանությունը, երբ հայտարարում էր երկար ավտոբուսի մրցույթ, երբ բերում էր և գծերից մեկում երկու ֆիկտիվ ավտոբուս էր ցույց տալիս, իբրև կամք կա ավտոբուսներ բերելու, բայց գնում, ձեռք է բերում գազել, բնականաբար, լավ բան տեսնել հնարավոր չէ»,- ասաց Խաժակյանը:
Դեռ անցած տարի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 450 գազել արդեն 2020-ին պետք է դուրս մնա երթուղուց, քանի որ ունեն 15 տարվա մաշվածություն: Քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ առայժմ դուրս է բերվել 2005թ. թողարկման 164 միկրոավտոբուս, 286-ը դեռ շարունակում են շահագործվել, վերջինների գործունեությունը պետք է դադարեցվի ընթացիկ տարվա վերջին: Շահագործումից դուրս եկող միկրոավտոբուսները նախատեսվում է փոխարինել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պահուստային ավտոբուսներով, երթուղիները սպասարկող մասնավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող շարժակազմով, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող՝ մայրաքաղաք ներկրվելիք փոքր դասի 100 ավտոբուսներով:
«Ես չեմ կարծում, թե որևէ գծատեր այս պահին ունի պահուստային ֆոնդ: Թվաքանակը յուրաքանչյուր գծում կարգավորվում է քաղաքապետի որոշումով, և նախատեսվում է պահուստային ֆոնդ, ընդ որում՝ այդ պահուստային ֆոնդը կրկին չի կարող նվազել և անընդհատ պետք է համալրվի: Ակնհայտ է, որ Կառավարության այդ որոշումը խախտվում է: Իմ տեղեկություններով՝ այն միկրոավտոբուսները, որոնք, մատնանշվում է, որ մինչև տարեվերջ պետք է դուրս մնան, դրանց ժամկետներն արդեն իսկ լրացել են: Եթե պարզվի, որ գծերում կա 2005թ.-ից այս կողմ արտադրված գազել, կնշանակի՝ իրենք խախտում են Կառավարության համապատասխան որոշումը»,- ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: