«Որևէ ձևով ինձ հետ որևէ մեկը կապ հաստատել չի էլ փորձել». Ալվինա Գյուլումյանը՝ ոստիկանություն դիմելու և ՍԴ աշխատասենյակից իր իրերի դուրսբերման մասին

Երեկ 168.am-ը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը հասցրել է լուծել իրեն հուզող գլխավոր հարցերից մեկը՝ տեղափոխվել է Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակ:

«Նշված «օպերացիան» իրականացվել է աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարող Սամվել Առաքելյանի աջակցությամբ, ով նաև ապօրինի կերպով վերադարձրել էր ԲՀԿ պատգամավորների դիմումը: Ընդ որում, Ալվինա Գյուլումյանը, ում իրերը գտնվել են սենյակում, չի իրազեկվել իրերը սենյակից հանելու մասին, փոխարենը՝ նրա անձնական իրերը սենյակից հանել և նրա տուն են ուղարկել այլ անձինք»,- ասել էր մեր աղբյուրը։

Նման վարմունքը, մեղմ ասած, տարակուսելի էր իրավական տեսանկյունից, հատկապես, որ դրա գլխավոր դերակատարները կարծես թե իրավունքի հետ կապ ունեն, կամ, համենայն դեպս, այդպես են ներկայանում: Էլ չենք խոսում հարցի բարոյական կողմի մասին:

Ավելի ուշ Ֆեյսբուքում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրեց, որ «անձի, տվյալ դեպքում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի զավթումը նրա մասնավոր կյանքին միջամտող գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը, և ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտություն»:

«Գյուլումյանի աշխատասենյակում կարող էին գտնվել թանկարժեք իրեր, որոնք անձնապես պատկանում են իրեն, աշխատասենյակում գտնվող գույքը և աշխատանքային տեխնիկան նյութաիրավական պատասխանատվության պայմանագրի հիմքով հանձնված է Գյուլումյանին, և դրանց վնասման և այլնի դեպքում պատասխանատվություն կրում է բացառապես Ալվինա Գյուլումյանը»,- գրել էր նա:

168.am-ը հարցն ուղղեց ոստիկանությանը՝ ցանկանալով պարզել, թե արդյո՞ք իրավապահ այս կառույցը նշված արարքում հանցակազմ չի տեսնում: Մեզ ասացին, որ ավելի ուշ կպատասխանեն մեր հարցադրմանը, ապա ասացին, որ հրապարակումն ուսումնասիրվել է, ընդհանրական բնույթի է, ոստիկանության միջամտության անհրաժեշտություն չեն տեսնում:

Խոսեցինք նաև ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ:

– Ձեր աշխատասենյակում եղած իրերը, որ Ձեզ փոխանցել են, բոլորն իրենց տեղո՞ւմ են եղել:

– Գիտե՞ք, ես դեռ դրանք նորմալ չեմ էլ նայել, որ անկեղծ ասեմ: Արկղերով բերել են, դեռ չեմ էլ նայել:

– Աշխատանքից ազատման Ձեր անհատական իրավական ակտը կա՞ արդեն:

– Ես նման բան չեմ ստացել:

– Այսինքն՝ Դուք դեռ չեք կարող աշխատանքից ազատված համարվել, և ըստ էության Ձեր աշխատասենյակը Ձեր անձնական տարածքն է:

– Դա որևէ նշանակություն չունի: Եթե ես անգամ այդ ակտը ստացած լինեի, ինձ պետք է տեղեկացնեին, որ խնդրում ենք՝ այս օրը, այս ժամին եկեք ու ազատեք աշխատասենյակը:

– Այսինքն՝ քանի դեռ նման բան չկա, աշխատասենյակը Ձերն է, Ձեր անձնական տարածքը:

– Ես կարծում եմ, որ այո:

– Հետևաբար՝ Դուք չե՞ք պատրաստվում տեղի ունեցածին իրավական գնահատական տալու հարցով հետևողական լինել, օրինակ, դիմել ոստիկանություն:

– Ըստ էության, մամուլի հրապարակումն ինքնին հաղորդում է, բայց ես մինչև չճշտեմ՝ բոլոր իրերը տեղո՞ւմ են, թե՞ ոչ, որևէ քայլ չեմ կատարի:

– Մինչև աշխատասենյակից Ձեր իրերը դուրս բերելը Ձեզ հետ չե՞ն փորձել կապ հաստատել, օրինակ, նույն Սամվել Առաքելյանը, ով այս պահին ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականություններն է կատարում:

– Որևէ ձևով ինձ հետ որևէ մեկը կապ հաստատել չի էլ փորձել: Ինձ համար հենց տարօրինակը դա էր, որ Սամվել Առաքելյանը, որի հետ այդքան աշխատել եմ, միշտ նորմալ, ջերմ ընդունել եմ, ի տարբերություն շատ-շատերի, կարող էր գոնե ինձ զանգել, ասել:

– Ձեզ համար, փաստորեն, անակնկալ է եղել, երբ Ձեր իրերը հավաքած բերել են:

– Այո:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ աշխատասենյակի զավթման օպերացիայի մասնակիցների բարոյականության ու դավանած արժեքների մասին, բայց խնդիրն այստեղ միայն բարոյական ու մարդկային չէ, և այն, որ Վահե Գրիգորյանի և ՍԴ աշխատակազմի ղեկավարի փոխարինող Սամվել Առաքելյանի գործողություններում ըստ էության առերևույթ առկա են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ, կարծում ենք, աներկբա է։

Մնացածն արդեն իրավապահ մարմինների տիրույթում է: Հուսանք, այս անգամ ոստիկանությունում չեն ասի, որ հրապարակումն ընդհանրական բնույթի է, քանի որ Ալվինա Գյուլումյանն առավել քան դետալային նկարագրեց իրողությունը:

Տեսանյութեր

Լրահոս