15 տարի մաշվածության 286 գազել շարունակում է մնալ երթևեկության մեջ

«Երևանի ներհամայնքային երթուղիներում սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա է 934 միկրոավտոբուս». 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեռ անցած տարի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2020 թվականին արդեն 450 գազել  պետք է դուրս մնա երթևեկությունից, քանի որ ունեն 15 տարվա մաշվածություն: Մեր հարցին, թե դրանցից քանի՞սն են դուրս բերվել և քանի՞ «հուսահատության գազել» է դեռ շարունակում գործել, Քաղաքապետարանից պատասխանել են.

«Ընթացիկ տարում շահագործումից հանվել են 2005թ. թողարկման թվով 164 միկրոավտոբուս, և  ներկա դրությամբ Երևանի ներհամայնքային երթուղիներում առկա է 2005թ. թողարկման թվով 286 միկրոավտոբուսներ, որոնց շահագործումը պետք է դադարեցվի ընթացիկ տարվա վերջին (որպես 15 տարին լրացած)»։

Իսկ ինչո՞վ են փոխարինվելու երթևեկությունից դուրս եկող գազելները, քանի որ  հայտնի է՝ դրանք երթևեկության մեջ զգալի տեղ են զբաղեցնում:

«Շահագործումից դուրս եկող միկրոավտոբուսները նախատեսվում է փոխարինել, ինչպես նաև երթուղիները համալրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պահուստային ավտոբուսներով, երթուղիները սպասարկող մասնավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող շարժակազմով, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող՝ մայրաքաղաք ներկրվելիք փոքր դասի թվով 100 ավտոբուսներով»:

Քաղաքապետարանից դժվարացել են պատասխանել, թե տարեվերջին քանի՞ միկրոավտոբուս կշարունակի գործել, քանի որ երթուղիների սպասարկման ընթացքում շահագործումից դուրս եկող միկրոավտոբուսները փոխարինվում են, ինչպես նաև երթուղիները համալրվում են համարժեք միկրոավտոբուսներով:

«Տարեվերջին շահագործման մեջ մնացող միկրոավտոբուսների ստույգ թվաքանակը հնարավոր կլինի ամփոփել 2020 թվականի ավարտին»,- գրված է պատասխանում:

Տեսանյութեր

Լրահոս