«Աշոտը մեղավոր չէ: Գտեք մեղավորներին». մահացու օղու դեպքով ձերբակալված Աշոտ Հովսեփյանի հարևաններ
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլից թունավորման 27 դեպք, դրանցից 14-ը՝ մահվան ելքով: Մահվան պատճառը շատերին բերում է Արմավիր քաղաք, Հանրապետության փողոց: Ոստիկաններն էլ նշում են, թե մահվան պատճառ է դարձել այս փողոցի 50-ամյա բնակիչ Աշոտ Հովսեփյանի պատրաստած օղին: Այստեղ հարևանները միաբերան պնդում են՝ «Աշոտը մեղավոր չէ», ու հորդորում են իրավապահներին՝ գտնել մեղավորներին:
«Չեմ հավատում, չեմ հավատում: Ես ինքս էլ օգտագործել եմ, չեմ հավատում: Հաճախակի եղել ա հավաքույթ, ես էլ եմ խմել: Նենց չի, որ օրեր ա անցել, ժամանակ է անցել, որ թազա պարտյա գա, որ ես ասեմ՝ թազա պարտյա ա, միգուցե սխալվել ա: Չկա տենց բան, ինքը չի կարա սխալվի: Մինչև ինքը չստուգի, ինքը չի կարա սխալվի: Ինքը փորձառու մարդ ա: Առաջին դեպքը չի, որ ինքը պտի… Ինքը աշխատել ա, դրան ծանոթ ա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հովսեփյանի հարևանուհին՝ տիկին Անահիտը, որն 1984 թվականից ճանաչում է Աշոտ Հովսեփյանին ու վստահեցնում, որ նրա նման հարևան փողոցում չկա:
«Ինքը քաշով մեկ ոսկի անձնավորություն ա, շատ բարի, շատ առատաձեռն… մեծատառով մարդ ա ինքը, մեծատառով անձնավորություն ա, շատ հոյակապ անձնավորություն: Նույնն էլ՝ իրա ընտանիքը, իրա երեխեքը, իրա կինը: Ես ասում եմ՝ իրանք էնքան լավ երեխա են դաստիարակել, որ ես չեմ պատկերացնի՝ իրանց երեխաների պես հիմա էդ տեսակի երեխա լինի: Չափված, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր, ամեն ինչը չափի մեջ, ամեն ինչը: Մարդ կա՝ քայլում ա, նոր է մտածում, իրանք մտածում են, նոր են քայլ անում, որ հետո չմտածեն՝ «վայ, սխալվեցի»»,- ասաց հարևանուհին՝ Անահիտը:
Մյուս հարևանուհին՝ Վարդուհի Վարդանյանը, ասաց, թե 40 տարի իրենց ընտանիքը օգտվում է Աշոտ Հովսեփյանի պատրաստած օղուց, անգամ երեկ է ամուսինը խմել ու իրեն շատ լավ է զգում:
«Էդ ընթացքում, որ եղել ա էս ամեն ինչը, ինքը խմած ա եղել, դաժե երեկ, ու ոչ մի բան: Չմահացավ, կենդանի ա մինչև հիմա: Հիմա էլ գործի ա գնացել: Դաժե վատ չի զգացել: Մինչև անգամ պետք ա լինում՝ մենք էլ ենք խմում, ոչ մի բան մենք չենք տեսել»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Վարդանյանը:
Տիկին Լիլյա Վասիրլյանն էլ ասաց, թե Աշոտ Հովսեփյանի վաճառած օղուց անգամ իր հետ ՌԴ է տարել, երբ այցելել է որդուն:
«Ես կարո՞ղ ա իմ տղայի վատը ուզենամ, կոնյակն էլ եմ տարել, օղին էլ եմ տարել: Իմ փեսան խմելու հետ մի քիչ սեր ունի ու մշտական էստեղից ա տարել: Շատ բարեհամբույր, շատ մարդկային… Ես չեմ կարծում, որ ինքը ինչ-որ վնաս տա որևէ մեկին, ցանկանա որևէ մեկին վնաս տա: Բոլորի ցավին հասնող, բոլորին օգնող»,- նշեց Լիլյա Վասիլյանը:
Ըստ հարևանների՝ այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա, ու մեղավորներին այլ տեղ է պետք փնտրել:
Հ.Գ. Աշոտ Հովսեփյանի տան դարպասները փակ էին: Զանգերին պատասխանող չկար: Հարևանների խոսքով՝ ընտանիքը տանը չէր:
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ու հորդորել էր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն ու դիմել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Աշոտ Հովսեփյանը ձերբակալաված է:
Իսկ այսօր ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ևս երկու անձ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում