Բաժիններ՝

«Դիտորդական առաքելություն իրականացնելու 7-8 տարիների ընթացքում անձամբ ես և իմ գործընկերները նմանատիպ դեպք չէինք տեսել, որ ՔԿՀ-ներում անձինք ունենային նման վնասվածքներ». Հասմիկ Հարությունյան

«Երեկ ստացել ենք Արդարադատության նախարարությանը (ԱՆ)  դեռևս օգոստոսի 25-ին ուղարկած մեր հրատապ հարցման պատասխանը, ինչին կանդրադառնամ:  Օգոստոսի 24-ին համացանցում տարածվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն, և դիտորդական խումբն անմիջապես մեկնեց նշված հիմնարկ, և այն, ինչ մենք արձանագրել էինք այցից հետո՝ ունենալով առանձնազրույցներ ազատազրկված անձանց հետ, պարզ դարձավ, որ դեռևս օգոստոսի 23-ին՝ վաղ առավոտյան, տեղի է ունեցել չնախատեսված այցելություն Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) օպերների կողմից, ովքեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ խցում կարծես թե հայտնաբերել են անլար ականջակալ, ինչից հետո մեկ ժամ անց տարբեր պատճառաբանություններով կրկին այցելություն է իրականացվել «Նուբարաշեն» ՔԿՀ 12 օպերների կողմից, ինչից հետո կիրառվել է ֆիզիկական ուժ, ըստ պաշտոնական պարզաբանման՝ ազատազրկված անձանց կողմից դիմադրություն ցույց տալու արդյունքում»,- «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ՝ քրեական ենթամշակույթի միջոցո՞վ» թեմայով քննարկման ժամանակ ասաց  ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը: Դիտորդական խմբի ղեկավարի  պնդմամբ՝ իրենց  առաքելությունն իրականացնելու 7-8 տարիների ընթացքում անձամբ ինքը և իր գործընկերները նմանատիպ դեպք չէին տեսել, որ անձինք ունենային նման վնասվածքներ, բավականին թարմ, դեմքին, ուսերին, մարմնի այլ մասերին:

Հասմիկ Հարությունյանը նշեց, որ բժշկական մատյանում նշված է եղել, որ անձինք մահճակալից են ընկել, ինչն անլուրջ է նման վնասվածքների պարագայում, և տարօրինակ է, որ մի կողմից՝ պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ, մյուս կողմից՝ ներսում այդ մշակույթն այնքան գերակայող է, որ թույլ չի տալիս՝ անձինք բարձրաձայնեն իրենց նկատմամբ իրականացված բռնության մասին:

Ըստ դիտորդական խմբի ղեկավարի՝ սա վկայում է, որ փակ հաստատությունում գտնվող մարդիկ պաշտպանված չեն փաստորեն, և դրա համար են վախենում խոսել:

Նա նշեց, որ Խմբի հաղորդման հիման վրա արդեն դատախազությունում նյութեր են նախապատրաստվում ու կներկայացվեն Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ):

«Կարծում ենք և պնդում, որ սա այն միջադեպն է, որի առնչությամբ իրավասու և ոլորտը համակարգող գերատեսչության կողմից պետք է դրան հաջորդող օրերին տրվեին բացատրություններ՝ ոչ թե, որ մենք պայքարում ենք քրեական ենթամշակույթի դեմ, և կարող է առաջանալ հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն, այլ՝ ընդհակառակը, պետք է տրվեին չափազանց դետալացված պարզաբանումներ և հիմնավորումներ, թե կոնկրետ ի՞նչ դիմադրություն է ցույց տրվել անձանց կողմից, ինչքանո՞վ է հիմնավոր եղել 11 օպերների կողմից ֆիզիկական բռնություն կատարելը, ինչպե՞ս է ընտրվել կոնկրետ 4-րդ խուցը, և այլն»,- ասաց Հասմիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ այդ օրը 2-րդ խուզարկության ժամանակ այդ խցում որևէ արգելված իր չի հայտնաբերվել:

Ըստ նրա՝ կարող են ասել, որ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից արձանագրվել է հետընթաց, և այս իրավիճակը բնորոշ է եղել 2000-ականների սկզբին, ու համենայն դեպս վերջին տարիներին նման դեպք չի արձանագրվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս