Ուսանողները շաբաթական 1 օր կգնան ԵՊՀ. դասեր կլինեն նաև շաբաթ օրերին
Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկեցին 1-ին կուրսեցիների դասերը: Ֆակուլտետներում ուսանողների հանդիպումները կազմակերպել էին տարբեր ժամերի, հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ ԵՊՀ պաշտոնական կայքում օրեր առաջ հրապարակվեց ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի հրամանը, ըստ որի՝ 1 ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը:
168.am-ն այսօր եղել է ԵՊՀ-ում, հետևել 1-ին կուրսեցիների հետ դասախոսական կազմի հանդիպման կարգին, զրուցել ուսանողների և դասախոսական կազմի հետ:
Առաջին բանը, որ աչքի ընկավ, դա մուտքերի մոտ գրանցամատյանների բացակայությունն էր, ԵՊՀ-ի աշխատակիցը, որը մասնաշենքերից մեկի մուտքի մոտ ջերմաչափում էր իրականացնում, վստահեցրեց, որ բոլորի ջերմությունները չափում է, նոր ներս թողնում, և, որ նման դեպք դեռ չի եղել, որ ուսանողներից մեկը բարձր ջերմություն ունեցած լինի:
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա ընդունվածների թիվն անհամեմատ մեծ է, և, որ նրանց հետ հանդիպումը 4 մասով են իրականացնում:
«Այս տարի հայտնի պատճառներով ուսումնական գործընթացը որոշ փոփոխությունների ենթարկվեց, քանի որ ընդունելության համար 1 քննություն էր, ունեցանք աննախադեպ շատ դիմորդներ՝ 500-ից ավելի, մեր լսարանային տեղերը 138 էր + 2 անվճար, բայց այս պահին ունենք մոտ 160 ուսանողներ, և ռեկտորատի նիստում որոշվեց, որ նրանց հետ հանդիպումը գոնե սեպտեմբերի 1-ին պետք է կազմակերպել առկա տարբերակով: Քանի որ պետք է ապահովվեր 40-ից ոչ ավելի անձանց ներկայություն մեկ լսարանում, այդ 160-ին բաժանեցինք 4 խմբի»,- ասաց Ղազինյանը:
Իրավագիտության ֆակուլտետի դեկանի խոսքով՝ համավարակով պայմանավորված՝ ուսումնական գործընթացը կազմակերպելու են շաբաթական 1 օր առկա տարբերակով, մյուս օրերին՝ հեռավար: Ղազինյանը նաև տեղեկացրեց, որ դասերը կլինեն նաև շաբաթ օրերին.
«Հաշվի առնելով խմբերի մեծությունը, ընդհանուր դասախոսությունները կուրսերում չեն լինի հոսքային, այլ կլինեն գործնական պարապմունքներ առկա ձևով՝ ֆակուլտետում: Բոլոր կուրսերը կլինեն շաբաթական 1 օր, բացի 3-րդ կուրսից, որը մեր հիմնական մասնագիտական կուրսն է, այնտեղ մասնագիտական առարկաները շատ են, նրանց համար կլինի 2 օր: Շաբաթ օրը նույնպես ներգավվելու է՝ որպես աշխատանքային»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Տարոն Սիմոնյանն էլ 168.am–ի հետ զրույցում ասաց, որ խնդիր է, երբ էլեկտրոնային դասախոսություն են կազմակերպում 100 ուսանողի համար, քանի որ շատ դժվար է հետևել, թե այդ 100 ուսանողները հետևո՞ւմ են դասապրոցեսին, թե՞ ոչ:
«Երբ իրական միջավայրում ես գտնվում, բնականաբար, ավելի հեշտ է հասկանալ, թե ով է ներկա դասապրոցեսին նաև մտքով, ով՝ բացակա, բայց էլեկտրոնայինի ժամանակ դա դժվար է: Սեմինարները կարող են անցկացվել փոքր խմբերով, բայց երբ խումբը մեծանում է՝ արդյունավետությունն ակնհայտորեն պակասում է: Դժվար է 1-ին կուրսեցիներին միանգամից ասել, որ հատուկ ռեժիմով եք ձեր դասընթացները կազմակերպելու, որովհետև ամեն դեպքում ուսանողները ցանկանում են, որ լիարժեք վայելեն ուսանողական կյանքը, բայց վստահ եմ, որ սա երկար չի տևելու, հույս ունեմ՝ այս կիսամյակով կավարտենք, և համավարակն էլ կվերջանա»,- ասաց պատգամավորը:
Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած իրենց ֆակուլտետում սովորղ ուսանողների թիվն այնքան էլ մեծ չէ, սակայն այստեղ ևս 1-ին կուրսեցիները շաբաթական 1 օր կգնան համալսարան:
«Երկրորդ և ավելի բարձր կուրսերինը մի փոքր ավելի շատ է, որովհետև այնտեղ լաբորատոր աշխատանքների թիվն ավելի շատ է: Հիմնական աշխատանքները էլեկտրոնային հարթակներում են լինելու»,- ասաց Գալստյանը:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նախ շնորհավորեց 1-ին կուրսեցիներին, ապա տեղեկացրեց, որ հնարավոր չէ ԵՊՀ-ի բոլոր մասնաշենքերում վերահսկել ուսանողների քանակը, որը չպետք է գերազանցի 150-ը:
«Այսօր ունենք նախնական պատկերացում, թե ինչ խնդիրներ են առաջանում, ինչքանով է հաջողվում մասնաշենքում պահել մինչև 150 հոգի անձանց քանակը, որը հաստատվել էր հրամանով: Իմ խորին համոզմամբ՝ դա շատ դժվար է վերահսկելը, որովհետև համալսարանն ունի մի քանի մուտք, որոնք ներքին կապով կապված են միմյանց հետ, և դժվար է հաշվել, թե որ մուտքից քանի ուսանող մտավ, քանի հոգի է այդ պահին տվյալ մասնաշենքում»,- ասաց ՈՒԽ նախագահը:
Ափոյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր էլ ուսման վարձավճարներն են, և, որ նախարարությունն այս մասով պետք է քայլեր ձեռնարկի:
«Բարձր կուրսերն արդեն դժգոհություն հայտնում են, շուտով նաև առաջին կուրսեցիները դժգոհություններ կհայտնեն՝ կապված ուսման վարձի չափի և մատուցվող կրթության որակի հետ: Այս հարցին էլ նախարարությունը և բուհի ղեկավարությունը լուծում պետք է տան, քանի որ նախորդ կիսամյակում ուսանողները տուժեցին»:
Լուսակերտից իր թոռնիկին համալսարան ուղեկցած Մելանյա տատիկն էլ մեզ հետ զրույցում անդրադարձավ ուսման վարձավճարներին.
«Թոռնիկիս հետ եմ եկել, նա ընդունվել է ԵՊՀ Ռոմանո բաժինը, և սպասում ենք, մինչև դուրս գա հանդիպումից: Շատ լավ կինի, եթե օրերը կարճ լինեն, մի քիչ վճարները իջնեն, բայց դա մեր ձեռքը չէ, տեսնենք՝ ոնց կլինի, միգուցե ամեն օր կկանչեն»:
Մանրամասները՝ տեսանյութում