Բաժիններ՝

Դպրոցները պատրա՞ստ են նոր ուսումնական տարուն

Համավարակը նոր օրակարգ թելադրեց նաև ուսումնական գործընթացում՝ նոր պայմաններ, նոր դասացուցակ, նոր շփման կանոններ: Այսպիսով՝ դպրոցներում սովորաբար սեպտեմբերի 1-ին մեկնարկող ուսումնական տարին այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, միայն առաջին դասարանցիների համար՝ սեպտեմբերի 14-ին։

Օրերս Կրթության, գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հրավիրված ասուլիսում ներկայացրեց Covid-19-ի պայմաններում դպրոցներում դասերի անցկացման գործընթացը։ Այն անցկացվելու է ԿԳՄՍՆ-ի կողմից մշակված ուղեցույցի համաձայն:

Ըստ այդմ՝ դպրոցներն ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության՝ կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։

Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի: Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր: Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ, բոլոր դռների և պատուհանների բռնակները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները ախտահանվում են: Սրանք մի քանի կետեր են ուղեցույցից:

Այս ուղեցույցը լայն քննարկումներ առաջ բերեց թե ծնողների, թե մասնագետների շրջանում:

Շատ մանկաբույժներ և ծնողներ խնդրահարույց համարեցին դասասենյակում դիմակ կրելու անհրաժեշտությունը, հոգեբանները չբացառեցին այս ուղեցույցի պատճառով հետագայում երեխաների մոտ կոլեկտիվում աշխատելու խնդիրների առաջացումը, կրթության փորձագետներն էլ արձանագրեցին սովորողի իրավունքի խախտումներ, ուղեցույցի այն կետում, որտեղ նշվում է, որ 20 հոգուց ավելի սովորող ունեցող դասարանները դասերը կկազմակերպեն երկու խմբով, և դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց կհաճախի շաբաթական երեք օր:

Ամեն դեպքում, գաղտնիք չէ, որ Հայաստանում զուտ շենքային պայմանների առումով շատ դպրոցներ պատրաստ չեն համավարակի պայմաններում ուսումնական գործընթացին, թե ինչ պիտի անեն այդ դպրոցները, կրկին անհասկանալի է:

Ինչպե՞ս են դպրոցները հոգալու ուղեցույցում նշած ախտահանիչների ու դիմակների ապահովումը, սա հաջորդ հարցն է:

Նկատենք՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժ. Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը նախապես հավաքագրել է դպրոցի խնայողությունների վերաբերյալ տեղեկատվությունը, որի հիմնական աղբյուրները նախորդ ուստարվա երկրորդ կիսամյակում ձևավորված խնայողություններն են։ Նրա խոսքով՝ կտրամադրվեն նաև հավելյալ միջոցներ պետության կողմից։

Ի դեպ, մասնագետներն այստեղ ևս արձանագրում են դպրոցներում գնման գործընթացին առնչվող խնդիրներ, մասնավորապես՝ խնդրահարույց համարելով միանգամից 7 օրվա պահուստի համար մեկ անձից գնում կատարելու գործընթացը՝ նշելով, որ հնարավոր է՝ կազմակերպվեն տենդերներ, ինչն ըստ էության կբարդացնի պրոցեսը:

Արդյոք մայրաքաղաքի և մարզերի դպրոցներն արդեն պատրա՞ստ են նոր ուղեցույցով ուսումնական գործընթացի կազմակերպմանը՝ 168.am-ը փորձեց ճշտել մի քանի դպրոցների տնօրեններից:

Արարատի մարզի Ազատաշեն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ դպրոցը պատրաստ է նոր ուսումնական տարուն: Արդեն հասցրե՞լ են ձեռք բերել անհրաժեշտ պարագաների 7 օրվա պահուստը՝ հարցին ի պատասխան՝ նա ասաց.

«Մենք փորձում ենք մեր միջոցներով, ինչքան որ հնարավոր է: Հիմա այդ գործընթացով զբաղվում ենք»:

Հարցին էլ, թե ունե՞ն խմբերի բաժանված դասարաններ, նա պատասխանեց. «Մենք փոքր դպրոց ենք, դասասենյակներում ունենք մինչև 10 աշակերտներ, աշխատելու ենք 6-օրյա նորմալ դասացուցակով»:

Վազգեն Առաջինի անվան հ. 168 դպրոցի տնօրեն Գոհար Մելիք-Ստեփանյանը նշեց, որ ուղեցույցով են աշխատում, 20-ից ավելի երեխաների դեպքում՝ դասարանը կիսվում է երկու խմբի: Դիտարկմանը, թե կրթության փորձագետներն այդ պարագայում արձանագրում են սովորողի իրավունքների խախտում, իր գնահատմամբ՝ կա՞ խախտում, տնօրենը պատասխանեց.

«Մեզ ուղեցույցն ինչպես ուղարկված է, օրենքի տառին համաձայն, ուղեցույցի կետերի համաձայն, մենք էդպես ենք աշխատում»:

Թիվ 61 միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանը ևս վստահեցրեց՝ դպրոցը պատրաստ է աշակերտներին ընդունել՝ ըստ ուղեցույցի սահմանած կետերի:

Հարցին՝ Ձեր երկրորդ կիսամյակի խնայած գումարները կբավականացնե՞ն անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը, նա պատասխանեց. «Այս պահին բավականացնում է, երեկ արդեն 7 օրվա պահուստը ձեռք ենք բերել»:

Ի դեպ, այս դպրոցը ևս, ըստ տնօրենի, ունի դասարաններ, որոնք կիսվելու են, և երեքական օրերով են կազմակերպելու դասապրոցեսը. «Ուսուցիչների հետ մանկավարժական խորհրդի նիստ ենք անցկացրել, այդ մասին քննարկել-խոսել ենք: Այսօր նախարարի հետ ևս հանդիպում ունենք ժամը 4:30-ին. միգուցե որոշ փոփոխություններ ևս լինեն, դեռ չեմ կարող ասել:

Դիտարկմանը, թե կրթության փորձագետները նշում են, որ այդպիսով խախտվում է սովորողի իրավունքը, Լ. Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Եկեք սպասենք, տեսնենք՝ վերջնական ինչ է լինում, նոր պարզ կլինի, որովհետև այս պահին դեռ գնում են քննարկումներ»:

Գնման գործընթացի տեսանկյունից դպրոցների համար իսկապե՞ս խնդրահարույց է ախտահանիչների և դիմակների 7 օրվա պահուստի ապահովումը, կարո՞ղ է դպրոցը մեկ անձից գնումներ կատարել և չդիմել տենդերների՝ հետաքրքրվեցինք Հայաստանի ամենամեծ դպրոցներից մեկի՝ թիվ 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանից, նա պատասխանեց.

«Ճիշտն ասած, ամենամեծ դպրոցն է Հայաստանում համարվում, բայց այս պահի դրությամբ տենդեր չեմ նախատեսել. նախնական քիչ-քիչ քանակությամբ վերցնում եմ տարբեր տեղերից (անգամ մեկ անձից էլ չէ), մինչև հասկանանք-տեսնենք՝ ինչ է լինում:

Արդյո՞ք նախորդ ուստարվա երկրորդ կիսամյակում արված խնայողությունները կբավականացնեն դպրոցին անհրաժեշտ պարագաների համար՝ հարցին էլ Լ. Արեյանը պատասխանեց. «Երևի թե մի որոշ ժամանակ կապահովի, հետո՝ չգիտեմ՝ ինչ կլինի»:

Ի դեպ, ըստ տնօրենի, դպրոցում դիմակ կրել-չկրելու հետ կապված բողոքներ չեն եղել ծնողներից, բողոքներ չեն եղել նաև «կիսվող» դասարանների ծնողներից՝ իրավունքների խախտման տեսանկյունից. «Կարծում եմ՝ բոլորն էլ մտնում են իրավիճակի մեջ, և կաշխատենք այս ձևով»:

Նշենք, որ 168.am-ն այսօր գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ ուղեցույցում առկա մի քանի խնդրահարույց կետերի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար.

Ըստ հաստատված ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցի՝

. Դպրոցներն ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով:

Հարց. Արդյո՞ք մեկ անձից գնման գործընթացի հետ կապված խնդիրներ չեն առաջանա 7 օրվա պահուստ ձեռք բերելու հարցում:

. Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր:

Հարց. Սա չի՞ խախտում սովորողի կրթություն ստանալու իրավունքը:

. Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:

Այդ հիվանդություններն են.

արյան բարձր ճնշում

շաքարային դիաբետ,

սրտի հիվանդություն,

սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ),

քրոնիկ շնչառական հիվանդություն,

քաղցկեղ։

Հարց. Արդյո՞ք այս պարագայում չեն խախտվում ռիսկային խմբում գտնվող երեխաների անձնական կյանքի և առողջության գաղտնիության իրավունքը:

Նաև հաշվի առնելով հանգամանքը, որ նրանց տևական բացակայությունը դասարանում արդեն իսկ կվկայի, որ տվյալ աշակերտը ռիսկային խմբում է:

Եվ վերջում, պատրաստվո՞ւմ է արդյոք ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներին տրամադրել հատկացումներ՝ դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների ձեռքբերման համար, եթե փոխնախարարի կողմից նշված անցյալ ուստարվա երկրորդ կիսամյակի խնայողությունները չբավականացնեն»,- նշել ենք գրավոր հարցման մեջ:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս