Բաժիններ՝

ԿԳՄՍ նախարարության ուղեցույցը դժվար իրականացնելի է, երկար ժամանակով դիմակ կրելը՝ երեխաների համար գուցե վտանգավոր. համաճարակաբան

ԿԳՄՍ նախարարության հրապարակած ուղեցույցը խնդրահարույց է և շատ դժվար է հասկանալ, թե ինչպես են այն իրականացնելու: 168.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

«Ամեն դեպքում կանխարգելումը դա կոմպլեքս միջոցառումներ են՝ միայն դիմակը չէ: Մի կողմ դնենք դիմակը, որ երեխաներին դժվար է լինելու, չափսերը սխալ են, երկար ժամանակ կրելը կարող է վնասակար լինել, և այլն: Ընդհանուր առմամբ ինքը դժվար իրականացնելու ուղեցույց է, սկսած նրանից, թե երեխաներին ինչպես նստացնել, արդյոք հնարավոր լինելո՞ւ է սոցիալական հեռավորությունը պահել, և բազմաթիվ այլ հարցեր»,- ասաց նա:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ուղեցույցում նշված այլ պահանջների՝ տետրեր չպահել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոցներին դասասենյակներից դուրս չգալ.

«Ինչի՞ համար տետր չպահել, թղթերի վրա գրել և հետո այդ թղթերը հետ չստանալ, որտե՞ղ է այդտեղ վտանգը, ինչի՞ համար գրատախտակի մոտ չեն կանչում, ո՞րն է հիմնավորումը, չկա, և բազմաթիվ նման հարցեր կան»:

Մասնագետը ևս մեկ կարևոր խնդիր ընդգծեց՝ մանկական բժշկական դիմակներ մեր շուկայում առկա չեն:

«Ստուգված չէ, թե դիմակների երկարատև կրումն ինչ ազդեցություն է թողնելու երեխաների առողջության վրա: Եվս մեկ հարց կա, որ մենք մեր շուկայում ունենք միայն մեծահասակների համար նախատեսված դիմակ, բժշկական դիմակների մասին է խոսքը, փոքր երեխաների համար պետք է ինչ-որ փոքր չափսի դիմակներ արտադրել կամ ներմուծել: Ամեն դեպքում, դպրոցական երեխաների մոտավորապես կեսը պահանջում են փոքր չափսի դիմակ, կամ էլ կրելու են շատ անհարմար, կամ աչքերն են փակելու, կամ կողքերից բաց է լինելու, այսինքն՝ անիմաստ են լինելու և դժվար կիրառելի: Այդ դեպքում երևի մի քանի միլիոն դիմակ է պահանջվելու այդ երեխաների համար, ունե՞նք այդքան պաշար, նախատեսե՞լ ենք ինչ-որ բան, թե՞ էլի արհեստական մի բան է ստեղծվել, որ ստեղծվել է ուղղակի՝ որպես փաստաթուղթ, ունենանք, որովհետև պետք է ունենալ, այլ ոչ թե կիրառելի ինչ-որ մի բան ստեղծել, որը իրականում կպաշտպանի»,- ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, որ ԿԳՄՍՆ-ի ուղեցույցում նշվում է, որ երեխաները պետք է 3-4 ժամ չլքեն դասասենյակը, եթե անգամ փոքր չափսի դիմակների հարցը լուծվի, արդյոք շնչառական խնդիրներ չե՞ն առաջանա աշակերտների մոտ, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Բազմաթիվ հետազոտություններ կան, որ մարդիկ ապացուցում են, որ երկարատև կրման ժամանակ իջնում է թթվածնային հագեցվածությունը, կան նաև հակառակ տարբերակները, 2 տարբերակն էլ կա: Բացի դրանից, կա մարդկանց ինքնազգացողության փոփոխություն, բազմաթիվ մարդիկ դիմակը հագնում են, շոգին դուրս են գալիս, իրենց վատ են զգում, այդ մարդկանց պետք է բացատրել՝ ինչո՞ւ է դա արվում, որպեսզի վստահություն ձեռք բերվի, իսկ ուղղակի ասել, որ՝ գիտե՞ք ինչ կա՝ ոչ մի բան չի փոխվում, բայց մարդը, որ դիմակը հագնում է, մի քիչ քայլում է և սկսում է խեղդվել և իրեն վատ զգալ, ինքը չի հավատում արդեն այդ հայտարարություն անողին, հետևաբար՝ պետք են հիմնավոր հետազոտություններ: Երեխաների դեպքում համոզված եմ, որ դասասենյակներում դիմակն այդքան մեծ անհրաժեշտություն չունի, եթե սենյակն օդափոխվում է, ավելին՝ երեխաներին փորձում են մի սենյակում պահել մի քանի ժամ և թույլ չտալ նույնիսկ դուրս գալ դասասենյակից, այդ բոլորը մի բան էլ ավելացնելու են ռիսկը»:

Հարցին, թե հայկական շուկայում վաճառվող դիմակները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, արդյոք ստուգվո՞ւմ է, թե ինչ նյութեր են օգտագործվում դրանց պատրաստման համար, արդյոք ալերգիաների պատճառ չե՞ն դառնա, մասնագետը պատասխանեց.

«Դա արդեն պետության պատասխանատվությունն է, ապացուցել, որ այդ արտադրությունն անվտանգ է, կոնկրետ մատերիալները, որոնք կիրառվում են դիմակներ պատրաստելուց, ոչ մի անհատ կամ կազմակերպություն չի՛ կարող դա ինքնուրույն իրականացնել, դա պետության պարտականությունն է իր քաղաքացիներին պաշտպանելու: Մենք տեսնում ենք, որ երեխաների մոտ ալերգիկ ֆոնը տարեցտարի ավելանում է, անխուսափելի է, որ այդ դիմակներից և դիմակների երկարատև կրումից ալերգիա չառաջանա: Այդ դիմակների վրա փոշի է նստելու, որն ալերգիկ երևույթներն ավելի հաճախակի է դարձնելու: Պետք է ապացուցեն, որ դիմակ կրելու առավելություններն ավելի մեծ են, քան վտանգները: Այս պահին տեսնում ենք, որ վտանգներն ավելի շատ են, քան առավելությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս