![](/banners/BeFunky-design.jpg)
«Սա իրավական անգրագիտության արդյո՞ւնք է, թե՞ սեփական սխալը ընդունելուց վախենալու հետևանք». Ռոբերտ Հայրապետյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/06/Robert-Hayrapetyan-1.jpg)
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«««ՎԱՀՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ» ԲԱՌԵՐԸ
«ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆԻ» ԲԱՌԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ
Լայն քննարկման առարկա դարձավ ՀՀ կառավարության «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման փոփոխությունը, որով կառավարությունը ընդամենը փոփոխել էր նախկին և ներկա թեկնածուների անունները։
Մի քանի մասնագիտական դիտարկում այս առնչությամբ․
Նախ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու կառավարության լիազորության իրականացումը կլասսիկ առումով վարչարարություն է, որը կարող է ավարտվել ինչպես նորմատիվ, այնպես էլ անհատական իրավական ակտի ընդունմամբ։
Այս պարագայում վարչարարություն իրականացվել է ինչպես Ավետիսյանի, այնպես էլ Շաթիրյանի առաջադրման ժամանակ, բայց վերջինիս դեպքում ըստ էության որևէ իրավական ակտ ընդունված չէ։
Երկրորդ՝ որոշումը, որում կատարվել է փոփոխությունը ընդունվել է 2020 թվականի հուլիսի 23-ին և դրա գործողությունը տարածվում է հուլիսի 23-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ Միայն անվանումների փոփոխությունն այս պարագայում թույլ է տալիս պնդելու, որ որոշումը գործում է 2020 թվականի հուլիսի 23-ին, իսկ դա նշանակում է, որ Էդգար Շաթիրյանի մասով որոշմանը տրվել է հետադարձ ուժ և վերջինս այս ընթացքում պարտավոր էր իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու կարգավիճակից բխող որոշ գործողություններ, որոնք չեն իրականացվել։
Ասվածը հիմնավորվում է նաև նրանով, որ խնդրո առարկա կառավարության որոշման մեջ գոնե չի սահմանվել անցումային դրույթ, որով կկարգավորվեր տվյալ որոշման դրույթները Շաթիրյանի վրա Օգոստոսի 25-ից հետո տարածվելու հարցը։
Հիմնական հարցը մնում է անպատասխան․ սա իրավական անգրագիտության արդյո՞ւնք է, թե՞ սեփական սխալը ընդունելուց վախենալու հետևանք»: