«Հույս ունեմ, որ իշխանությունն այդքան ողջամտություն կունենա և կընդունի մեր առաջարկը». Արսեն Բաբայանը՝ քաղաքացիների տուգանքները չեղարկելու մասին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.
«Քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը»:
168.am-ը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ձևով են պատկերացնում արդեն վճարված տոգանքները վերադարձնելու գործընթացը:
«Բոլոր տուգանքները պետությունը հաշվառում է, արձանագրությունները կազմում է, տեսնում է՝ Պողոսյան Պողոսին տուգանել է 10.000 դրամ, վերադարձնում է այդ գումարը: Վերադարձնում է տարբեր եղանակներով՝ փոխանցել հաշիվներին, բանկերում բացել հատուկ սպասարկման կետեր, դրանք տեխնիկական հարցեր են: Այստեղ կարևորն այն է, որ, ի տարբերություն իշխանության արած հայտնի համաներման՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ, այստեղ արդարությունն ապահովված է, այսինքն՝ նաև նրանք, ովքեր տուգանքները վճարել են, նրանց գումարները վերադարձնելու մասին ենք նշել, իսկ իրենք, եթե հիշում եք՝ չէին տվել դա, միայն ասում էին՝ նրանք, ովքեր չեն վճարել տուգանքները, ինչի հետևանքով՝ բարեխիղճները տուժեցին, իսկ անբարեխիղճները շահեցին»,- ասաց նա:
Հարցին, եթե նախագիծն ԱԺ-ում հավանության չարժանանա, այլ ի՞նչ տարբերակ են տեսնում, Արսեն Բաբայանը պատասխանեց.
«Եթե Ազգային ժողովում չընդունվի, դա կլինի չընդունված օրենք, բայց հույս ունենք, որ կընդունվի, և իշխանությունը կգտնվի այնքան խելամիտ, որ կհասկանա այս շրջանում, երբ առանց այն էլ մարդիկ ֆինանսական կորուստներ ունեն, դեռ մի բան էլ իրենք են ուզում մարդկանցից գումարների տեսքով կորզել: Հույս ունեմ, որ իշխանությունն այդքան ողջամտություն կունենա և կընդունի մեր առաջարկը»:
Նշենք, որ Հայաստանում արտակարգ դրության մեկնարկին, հատկապես, երբ ներդրվեց պարետի որոշումներն ու կանոնները խախտողներին տուգանելու կարգը, ոստիկանության պաշտոնական կայքում ամեն օր տեղադրվում էր նախորդ օրվա կազմված արձանագրությունների թվերը, ինչը վերջին շրջանում չի իրականացվում:
Դեռևս հուլիսի 2-ին, 168.am-ի գրավոր հարցման ի պատասխան՝ Ոստիկանությունից հայտնել էին, որ այդ օրվա դրությամբ վարչական արձանագրությունները կազմել են 49.591, իսկ ընդհանուր առմամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար նշանակված տուգանքներից հուլիսի 2-ի դրությամբ վճարվել է 3․760․000 ՀՀ դրամ:
Վերջերս էլ մամուլում հրապարակվեց ոստիկանության տրամադրած տվյալները՝ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց մինչև օգոստոսի 19-ը, դիմակ չկրելու համար տուգանքի չափը կազմել է 665 մլն ՀՀ դրամից ավելի, կայացվել է 66.530 վարչական տույժ նշանակելու մասին որոշում: