«Ուզում ենք հասկանանք՝ սա դիտավորյա՞լ է Ձեզ հանձնարարվել». Գագիկ Խաչատրյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրեց
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր, Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթացող՝ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով դատական նիստի ընթացքում դատարանն անդրադարձավ դատավարության կողմերի՝ դատավորին ներկայացվող հնարավոր ինքնաբացարկի միջնորդությանը:
Դատախազ Սարգսյանը հայտնեց, որ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն չունի, մինչդեռ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դա հստակեցնելու համար իրեն մի քանի պարզաբանումներ են անհրաժեշտ:
Փաստաբանը նախ հայտնեց, որ դատարանի նախագահը սովորաբար քննում է շատ սակավաթիվ գործեր, այլ դատավորների համեմատությամբ: Ապա անդրադարձավ այն հանգամանքին, որ գործի նախաքննության ընթացքում բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ բնակարանում խուզարկություն կատարելու, ձերբակալության իրավաչափությանն առնչվող, որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, դատարանի նախագահի որոշմամբ մակագրվել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
«Խնդիր եմ տեսնում, որ Ձեր կողմից է միշտ մակագրումները կատարվել, և էսօր էս գործը Դուք եք քննում»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ դատարանից խնդրելով ասել, թե ինչ կարգով է որոշում կայացվել, որ գործերը մակագրվեն Արտուշ Գաբրիելյանին, որպեսզի պաշտպանական կողմը հասկանա՝ արդյո՞ք դատարանը պահպանել է օրինականության սկզբունքը, թե՞ կամայական որոշում է կայացրել:
«Դատարանի նախագահը, հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը, հերթապահության մեջ լինելը, համապատասխան մակագրություններ է կատարել»,- ասաց դատավոր Արթուր Մկրտչյանը:
Հաջորդը խնդիրը, որին անդրադարձավ Երեմ Սարգսյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հայտնի հարցազրույցն էր, որտեղ վերջինները անդրադարձել էին նաև դատարաններին: Փաստաբանի խոսքով՝ իրենց կասկածներն այս առումով խիստ խնդրահարույց են, քանի որ դատարանի նախագահն ուղիղ առնչություն ունի այդ մարմինների հետ:
«Ուզում ենք հասկանանք՝ սա դիտավորյա՞լ է Ձեզ հանձնարարվել, Ձեզ մակագրվել, որպեսզի ինչ որ կանխատեսել են՝ ամեն ինչ լինի, թե՞ ուղղակի կա այլ պարզաբանում»,- հարցրեց Երեմ Սարգսյանը:
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ հավելեց, թե ամենասերտ կապերը դատավոր Մկրտչյանն ունի ԱԱԾ-ի հետ այն իմաստով, որ քննում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվությունները:
«Հարգելի պաշտպաններ, նախ պարզաբանեմ, որ քրեական գործերը չեն հանձնարարվում: ԲԴԽ-ի հայտնի որոշման համաձայն, ինչպես նաև էլեկտրոնային մակագրության եղանակով է կատարվում քրեական գործերի մակագրությունը: Եթե Դուք ունեք ողջամիտ կասկածներ, կարող եք դիմել դատական դեպարտամենտին, և համապատասխան պարզաբանումներ կտան, թե ինչ եղանակով է կատարվում քրեական գործերի էլեկտրոնային մակագրությունը: Իսկ ինչ վերաբերում է օպերատիվ հետախուզական միջոցառումները նախագահող դատավորի կողմից իրականացնելուն, ես գտնում եմ, որ դատավորը իրականացնում է իր՝ օրենքով սահմանված, օրենքով իր վրա դրված դատավարական լիազորություններ: Այսքանը»,- ընդգծեց դատավոր Մկրտչյանը:
Մյուս հանգամանքը, որին անդրադարձավ Երեմ Սարգսյանը, գործը դատավորին մակագրվելուց մոտ 8 օր անց դատական նիստ նշանակելուն էր վերաբերում (գործը դատարան մուտք է արվել օգոստոսի 17-ին):
Փաստաբանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք դատարանը 8-9 օրում հասցրել է 37 հատոր քրեական գործի նյութերին ծանոթանալ, որպեսզի կարողանա լուծում տալ այսօր քննվող՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին: Սրան ի պատասխան՝ դատարանը պարզաբանեց, որ համապատասխան փաստերն արդեն ուսումնասիրել է և իր դիրքորոշումը կհայտնի:
«Ես ակնհայտորեն տեսնում եմ ինքնաբացարկի հիմքեր, բայց քանի որ ես իմ համար վերլուծությունների և ձևակերպումների համար պարզաբանումների կարիք ունեմ, որոնք ընթացքում իմ համար ակնհայտ կլինեն, այս պահին դեռևս ձեռնպահ եմ մնում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց: Ըստ անհրաժեշտության՝ այն կներկայացնեմ դատարանին»,- նշեց Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, արդեն մեկ տարի է՝ կալանավորված է: