ԿԳՄՍՆ-ի դիմացից բերման է ենթարկվել 3 ցուցարար՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար
«Կամք» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել ԿԳՄՍ նախարարության շենքի առջև, որտեղից ոստիկանները մի քանի քաղաքացիների էին բերման ենթարկել:
168.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե քանի՞ քաղաքացի է բերման ենթարկվել և ի՞նչ հիմքով.
«Այս պահի դրությամբ ոստիկանության բաժին բերման ենթարկվածները երեքն են՝ 2-ը ոստիկանության կենտրոնի բաժնում են, 1-ը՝ Նոր Նորքում: Բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»:
Ակցիայի մասնակիցները շարունակեցին ավտոերթը, մարդկանց իրազեկելով իրենց պահանջի մասին և տեղեկացնելով, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:00 կրկին հավաքվելու են ԿԳՄՍ նախարարության առջև:
Հիշեցնենք, որ դեռ երեկ էին «Կամք» նախաձեռնության անդամները հաղորդագրություն տարածել, որում մասնավորապես նշված է.
«Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայումս վարվող հայատյաց քաղաքականությունը` մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝
ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը և չեղարկել սեղանին դրված չափորոշիչները:
գ. Ձևավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական և ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները:
դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ:
ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական և հոգևոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել և այլն:
Սկսված պայքարը կշարունակվի մինչև մեր բոլոր պահանջների լիարժեք բավարարումը:
Հարգելի՛ ծնողներ, տատիկնե՛ր ու պապիկնե՛ր, ուսուցիչնե՛ր և դասախոսնե՛ր,
2020թ. օգոստոսի 28-ին` առաջիկա ուրբաթ օրը, ժամը 13:00-ին բոլորիդ հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարարության դիմաց` մասնակցելու մեր բողոքի ցույցին՝ «Թույլ չենք տա կործանել մեր կրթական համակարգը» կարգախոսով»: