«Եթե նման բան լինի, ապա դա կլինի Ադրբեջանի ինքնիշխանության վերջն ու ավարտը». Փորձագետը՝ թուրք-ադրբեջանական բանակ ստեղծելու մասին

«Այս գաղափարն ավելի շատ Թուրքիայի կողմից է առաջ քաշվում, քան Ադրբեջանի։ Թուրքիայի ազդեցության տակ է պրոպագանդվում այս գաղափարը, որ պետք է լինի, այսպես ասած, թուրանական բանակ։ Այս ամենի հետ կապված՝ Ադրբեջանն ունի լուռ անհամաձայնություն, քանի որ այնտեղ շատ լավ հասկանում են, որ, եթե նման բան լինի, ապա դա կլինի Ադրբեջանի ինքնիշխանության վերջն ու ավարտը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ բանակ ստեղծելու վերաբերյալ խոսակցություններին, որը կարող է լինել ներկայիս բանակի ավելի արդիական տարբերակը։

Նրա խոսքով՝ Թուրքիան տվյալ դեպքում ունի մեծ շահագրգռվածություն, որպեսզի այդ գաղափարը կյանքի կոչվի և ստանա միս ու արյուն։

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին միջազգային հանրության կամ տարածաշրջանի խաղացողների արձագանքին, Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ նրանք թույլ չեն տա նման ռազմական կառույցի ստեղծումը։

«Սա, առաջին հերթին՝ ոչ թե վնասում կամ հարվածում է Հայաստանին, այլ տարածաշրջանում խաղացող երկրներին, տվյալ դեպքում՝ Իրանին և Ռուսաստանին։ Մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փորձում է այլընտրանքային ռազմական միավոր ստեղծել, որը վնաս է ՆԱՏՕ-ին։ Այսինքն՝այս գաղափարը երկսայր է, և ոչ մի պետություն, խաղացող չի համաձայնի նմանատիպ զարգացումների»,- շեշտեց Կ. Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին, ապա, ըստ փորձագետի, Հայաստանից կախված ոչինչ չկա, պարզապես պետք է լինեն հայտարարություններ. «Այլ աշխատանք չեմ պատկերացնում, որ կարող են լինել հակընդդեմ։ Այնպես որ, Հայաստանի մասով, չեմ կարծում, որ լուրջ գործողություններ կարող են ակնկալվել, կամ դրանք կարող են ազդել այդ գաղափարն իրականացնելու վրա»,- ընդգծեց Կարեն Հովհաննիսյանը։

Նա նաև նկատեց՝ իրականում տարածաշրջանում Հայաստան-Ռուսաստան-Իրան համագործակցություն գոյություն ունի, և եթե սցենարը զարգանա այնպես, որ վերջիվերջո այդ ռազմական կառույցը ստեղծվի, ապա տվյալ դեպքում Հայաստանի տարածքում կստեղծվի դրան հակակշռող ռազմական կառույց։

«Կրկնում եմ՝ քիչ հավանական եմ համարում թուրանական ռազմական կառույցի ստեղծումը, քանի որ այն երկսայր է՝ թե ՆԱՏՕ-ի, թե Ռուսաստանի համար։ Չնայած Թուրքիան շատ մեծ նկրտումներ ունի և փորձում է այսօր Ադրբեջանում ուղիղ վերահսկողություն իրականացնել, բայց այսօր, կարծում եմ՝ դրա մասին շատ շուտ է խոսելը։ Ըստ իմ ուսումնասիրությունների, որը հիմնված է բաց աղբյուրների վրա, այդ բանակը պետք է տեղակայվի Նախիջևանում և Ադրբեջանի տարածքում։ Այսինքն՝ դա լինելու է միասնական բանակ՝ առանձին զորամասերով կամ ռազմաբազայով։ Դրանք բացառապես տեղակայվելու են այդ տարածքում, որովհետև Թուրքիայի նպատակը ոչ թե Թուրքիայի տարածքում ունենալ Ադրբեջանի զինված ուժերի ներկայություն, այլ թուրքական զինված ուժերի ներկայացվածությունն ունենալ Ադրբեջանի տարածքում»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս