«Երեխան կարող է դասի ժամանակ դիմակը հանել, դնել, սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում ուսուցիչների համար». Սերոբ Խաչատրյան

ԿԳՄՍՆ-ի որոշմամբ, երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով, ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվելու է հատուկ ձևաչափով՝ սահմանված կանոնների պահպանմամբ: Ըստ կարգի՝ աշակերտները դպրոցում պարտադիր կրելու են դիմակներ և փոխելու են դրանք 4 ժամը մեկ ու ըստ անհրաժեշտության: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երկար ժամանակ դիմակ կրելը կարող է որոշ անհարմարություններ ստեղծել:

«Դիմակների կրումը կազմակերպական խնդիրներ կարող է առաջացնել, օրինակ՝ պարբերաբար փոխելու հետ կապված, երեխան կարող է դասի ժամանակ դա հանել, դնել, լրացուցիչ խնդիրներ ստեղծում է ուսուցիչների համար, բայց մյուս կողմից, կարծես թե, ապացուցված է, որ դիմակը պաշտպանիչ դեր կատարում է: Համենայն դեպս, բավական բարդ է, որովհետև մի կողմից՝ շատ կարևոր է դիմակը, բայց հատկապես սեպտեմբեր ամսին, պայմանավորված շոգ եղանակով, կարող է որոշ անհարմարություններ ստեղծել»,- ասաց Խաչատրյանը:

Կրթության փորձագետը նշեց, որ Կորեայում բավականին ազդեցիկ հետազոտություն է կատարվել, համաձայն որի՝ մինչև 10 տարեկան երեխաները չեն համարվում վիրուսի ակտիվ փոխանցող, բայց դա դեռ 100 %-ով ապացուցված չէ: Խաչատրյանը, մեր հարցին ի պատասխան, չբացառեց, որ դիմակների կրման պարտադրանքի պատճառով ծնողները կարող են խուսափել երեխաներին դասի տանել  կամ այս տարի առաջին դասարան ընդունել:

«Հնարավոր է, բայց կարծես թե նախարարությունը հնարավորություն է տվել երեխաներին հեռավար էլ մասնակցել դասերին: Այս տարբերակն էլ կա»,- ասաց փորձագետը:

Ըստ կարգի՝ աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչելու, գրավոր աշխատանքները գրելու են ոչ թե տետրում, այլ առանձին թերթիկների վրա: Մեր հարցին, թե այս դեպքում չի՞ ստացվում, որ դպրոցները բացվում են, սակայն դրանք ամենևին էլ դպրոցների նման չեն լինելու, փորձագետն արձագանքեց.

«Այդպիսի ռիսկեր կան, իհարկե: Գրատախտակի մոտ չկանչելն առանձնապես մեծ խնդիրներ չի ստեղծում, բայց որոշ առարկաների դեպքում  ստեղծում է: Ունենք մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներ, որտեղ երեխան պետք է գա գրատախտակի մոտ՝ խնդիրը լուծի, չի կարող օդի մեջ խոսելով՝ լուծել»:

Ֆիզկուլտուրայի դասերն էլ կազմակերպվելու են դասասենյակում՝ ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների, կամ բացօթյա տարածքներում և մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա և բացառելով շփումներ ու մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներն ու խմբային խաղերը:

«Ֆիզկուլտուրայի ծրագրի մեջ կան տեսական թեմաներ՝ պատմություն, օլիմպիական խաղեր, հնարավոր է ինչ-որ բան անել դասասենյակում: Այստեղ հասկանալի է, թե ինչն է խնդիրը, ֆիզկուլտուրայի ժամին երեխաները պետք է հանդերձարանում փոխվեն, ավելի մոտիկ են իրար լինում, հանդերձարաններն այնքան էլ մեծ չեն,  հնարավոր է՝ կոնտակտ լինի, այդ առումով ֆիզկուլտուրան ռիսկային առարկա է: Բուն դասապրոցեսը կարող է ռիսկային չլինել, հատկապես սեպտեմբերին երեխաներին կարելի է հանել դրսի հրապարակում վարժություններ անելու, բայց հանդերձարան մտնելը, դուրս գալը, հանդերձանքը հագնելը, փոխելը, լվացվելը, կարող են ռիսկերը մեծացնել: Կան նաև տեսական թեմաներ, որոնցով պետք է երևի «յոլա տանել», մինչև պարզվի՝ ինչ է լինելու»,- ասաց Խաչատրյանը:

Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքելու դասասենյակները: Դուրս գալու դեպքերը կանոնակարգվելու են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։ Կրթության փորձագետը նշեց, որ դասասենյակներն օրվա ընթացքում  2-3 անգամ օդափոխվելու են, սակայն դասամիջոցի կազմակերպման համար ինքն այլ առաջարկ ունի:

«Կարող ենք այլ տարբերակով գնալ, անել ավելի սահուն գրաֆիկ: Դասամիջոցներն անել տարբեր ժամերի՝ պահպանելով կարգապահություն, որ միջանցքում աղմուկ չլինի: Մի դասարանը կարող է դասը սկսել 8:30, մյուսը՝ 8:35, մյուսը՝ 8:40, այդպես դասամիջոցներն էլ կսկսեն տարբեր ժամերի լինել, երեխաներին հնարավորություն կտրվի միջանցք դուրս գալ»,- առաջարկեց Խաչատրյանը:

Կրթության փորձագետի կարծիքով՝ ավելի նպատակահարմար կլիներ, որ սեպտեմբերի 1-ից բացվեին՝ 1-4-րդ, անհրաժեշտության դեպքում՝ 1-6-րդ դասարանները, գյուղական փոքր դպրոցները, այսինքն՝ այն դպրոցները, որտեղ սովորում է մինչև 200 աշակերտ:

«Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլիներ՝ ամսի 1-ից բացել այս դասարանները, հետո, եթե ամեն ինչ լավ ընթանար, սեպտեմբերի 15-ին միանային նաև մյուս դասարանները: Սա հնարավորություն կտար ռիսկերը նվազեցնել, դպրոցներն էլ փորձ ձեռք կբերեին: Ավագ դպրոցներում էլ գուցե միայն 10-րդ դասարանը գար, որովհետև նոր դասարան է դա, կարիք կա, որ գան ճանաչեն իրար աշակերտները: Ես կգնայի այս տարբերակով: Այդ ձևով մենք բավական մեծ թվով դպրոցներ կբացեինք, որովհետև Հայաստանում 700-800 դպրոց ունենք, որտեղ մինչև 200 աշակերտ կա: Գյուղերում հեշտ է կառավարելը, Երևանը ռիսկային է, խիտ է  բնակեցված, տրանսպորտից են օգտվում մարդիկ, գյուղում երեխան ոտքով գնում է»,- ասաց Խաչատրյանը:

Բարձր ռիսկային խմբի ուսուցիչների (65 և բարձր տարիքի) դասի ներկայանալ-չներկայանալու հարցը ԿԳՄՍՆ-ն թողել է իրենց հայեցողությանը: Նրանք կարող են աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները, կամ ուղղակի չներկայանալ աշխատանքի: Աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավելի, քան մեկ հաստիքի չափով։ Մեր հարցին, թե այս դեպքում ուսուցիչները կգերադասեն աշխատանքի գնա՞լ, թե՞ տանը մնալ, կրթության փորձագետը հումորով պատասխանեց.

«Նայած, եթե անցած տարի ավելի շատ են եղել դասաժամերը, քան այս տարի, նույնիսկ կարող է ձեռնտու լինել աշխատանքի չգնալը: Բայց կարծում եմ, որ մեծ մասը կուզենա գնալ, ամեն դեպքում մարդը չի ուզենա տանը մնալ»:

Ոչ պետական ուսումնական հաստատություններում աշխատավարձի հաշվարկն իրականացվելու է դպրոցի որոշմամբ` Աշխատանքային օրենսգրքին համաձայն: Մեր հարցին, թե այս դեպքում ուսուցիչները չե՞ն բախվի այն խնդրին, որ ստիպված կլինեն գնալ աշխատանքի, Խաչատրյանն արձագանքեց.

«Այո, հնարավոր է: Ոչ պետական դպրոցները չունեն հնարավորություն, իրենք իրենց եկամուտները ստանում են վարձավճարներից, եթե լրացուցիչ ծախսեր առաջանան, գուցե չկարողանան փակել»:

Տեսանյութեր

Լրահոս