
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Կիև

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հունիսի 12-ի առավոտյան ժամանել է Կիև: Dpa գործակալությունը հայտնել է, որ այցի ընթացքում նա մտադիր է Ուկրաինայի ղեկավարների հետ քննարկել երկրում տիրող իրադրությունը, ինչպես նաև լրացուցիչ ռազմական օգնությունը:
«Մենք ամեն բան կանենք Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի նա կարողանա իրեն պաշտպանել և հայտնվել այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցությունների», – այցից առաջ հայտարարել է Պիստորիուսը:
Հունիսի 4-ին, Բրյուսելում ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով շփման խմբի նիստից առաջ, Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ էր արել միջազգային գործընկերներին աջակցել այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժեղացման նախաձեռնությանը, որը կոչվում է Immediate Action on Air Defense՝ «Օդային պաշտպանության անհապաղ գործողություններ»:
Պիստորիուսը նաև հայտարարել էր ռադիոէլեկտրոնային պայքար (ՌԷՊ) մղելու համար Ուկրաինայի հնարավորությունները բարելավելու ուղղությամբ աշխատող երկրների խմբի ընդլայնման մասին: Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ այս խմբին ցանկանում են միանալ Բելգիան, Էստոնիան, Իտալիան, Շվեդիան և Թուրքիան: Այն ժամանակ dpa-ն պարզաբանել էր, որ այսպես կոչված «ՌԷՊ կոալիցիայի» նպատակներն են Ուկրաինայի համար ապահովել հաղորդակցություն և հետախուզություն անցկացնելու հնարավորությունը, ինչպես նաև խոչընդոտներ ստեղծել ՌԴ զինված ուժերի հաղորդակցության համար և խանգարել անօդաչուների գրոհներին։