
Ինչպես ասում են, ներկայացումն ավարտված է, վարագույրը՝ իջեցված. դուք ձեզ գերազանցեցիք. Աննա Մկրտչյան
«Փաստորեն, 2018-ին Նիկոլի կողքը կանգնելը և Նիկոլին ձայն տալը շատերի համար մոլորության արդյունք չէր, այլապես ինչո՞ւ պետք է այսօր կրկնվեր այդ նիկոլական վարքագիծը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները նախաձեռնել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Գործընթացը բաղկացած է որոշման նախագծից, որոշման հիմնավորումներից և որոշման նախագծին կից ձևաթղթից: Այդ ձևաթղթի վրա առկա է 6 պատգամավորի ստորագրություն: «Հայաստան» խմբակցությունը չի ստորագրել «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած նախագծի տակ»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները կեղծում են, բայց չեմ զլանա և ևս մեկ անգամ կբացատրեմ, որ եթե կա իրավական ակտի նախագիծ, ապա այդ նախագծին միանալու համար անհրաժեշտ է ստորագրել ոչ թե իմ, կամ որևէ մեկ այլ անձի նոթատետրի էջերին, այլ այդ նախաձեռնության նախագծին կից ներկայացված ձևաթղթում»,- ասաց պատգամավորը:
Աննա Մկրտչյանի դիտարկմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների տարածած ստորագրությունը միգուցե այն նույն ձևաթուղթն է, որով երկու ընդդիմադիր խմբակցության պատգամավորները ստորագրել և ուղարկել են ՍԴ՝ այս կամ այն օրենքի կամ օրենքի հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու և պարզելու համար:
«Այս ամեն ինչը տեսնելով՝ ավելի քան պարզ է դառնում, թե 2018-ին ՀՀԿ-ի և նախագահ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մեջ ովքեր են ունեցել իրենց ուրույն դերը: Եվ ինչպես ասում են՝ ներկայացումն ավարտված է, վարագույրը՝ իջեցված: Այս վարքագծի երկրորդ, բայց ոչ պակաս կարևոր պատճառն այն է, որ 2021թ. ընտրություններից շեղվել է միայն 7 հոգանոց պատգամավորական ֆրակցիայի մասով. ԱԺ-ում մեր ներկայությունը շեղել է միակ ընդդիմադիր և միակ իշխանություն պայմանավորվածությունը՝ Ռոբերտ Քոչարյան ընդդիմադիրի և ՔՊ-ի իշխանություն բաշխված դերերով: Այս աստիճան մանիպուլացնե՞լ. Դուք ձեզ գերազանցեցիք, ընկերներ»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում