
Ժողովուրդը մնացել է փողոցում. Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն արգելել Սևան-Երևան երթուղին սպասարկող մեքենաների երթևեկությունը

Քննչական կոմիտեն արգելել է «Դավիթ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող Սևան- Երևան և հետադարձ երթուղին սպասարկող մեքենաների երթևեկությունը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երթուղին սպասարկող մեքենաների սեփականատեր Դավիթ Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ՝ այսօր առավոտից մեքենաները քաղաքացիներին չեն կարողանում սպասարկել։
«Մեզ խոչընդոտում են, չեն թողնում աշխատենք, ժողովուրդը փողոցում կանգնած է մնացել, մեզ Քննչականից արգելում են, որ այդ ժողովրդին տեղափոխենք։ Մեզ որևէ բացատրություն չեն տվել, բոլոր պատկան մարմիններին դիմել ենք, ոչ մեկը որևէ բան չի ասում, բոլորն իրար վրա են գցում։ Բոլոր տեղերից ասում են՝ 1 ժամից զանգահարեք, հարմար չէ, մեզ բացատրություն չեն տալիս։
Մարդիկ ստիպված անհատական տաքսիներով են գնում Սևան և Սևանից գալիս Երևան»,- նշեց Դավիթ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ կսպասեն, մինչև Քննչական կոմիտեից պարզաբանում ստանան՝ հասկանալու համար՝ ինչ է եղել, ինչու են արգելում գծի սպասարկումը։
«Կեսօրից հետո գնացեք «Երտասարդական» ու կտեսնեք՝ ինչ վիճակ է այնտեղ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Խնդրի առնչությամբ դիմեցինք նաև Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանին, ով նշեց, որ Դավիթ Սարգսյանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ լիցենզիա չունի։
«Նա միջմարզային ուղևորափոխադրումներ է իրականացնում այն պարագայում, երբ լիցենզիա չունի։ Լիցենզիան նախատեսված է ներմարզային ուղևորափոխադրումների համար։ Դեպքի առթիվ մենք ունենք նախաձեռնված քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի, 281-րդ հոդվածի 1-ին մասի և 290-րդ հոդվածի 3-րդ մասի հոդվածներով»,- նշեց Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ ըստ ՔՕ 281-րդ հոդվածի 1-ին հոդվածի՝ առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Իսկ ՔՕ 288-րդ հոդվածի 1-ին հոդվածը՝ կանխամտածված սնանկությունը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
Քննչական կոմիտեից պարզաբանում ստանալուց հետո կրկին զրուցեցինք Դավիթ Սարգսյանի հետ։ Նա փոխանցեց, որ կոմիտեի այս որոշումը բողոքարկելու են, քանի որ ունեն արտոնագիր՝ տրված պետության կողմից, ավելին՝ երթևեկությունն իրականացնում են պատվերով։