Շիրակի մարզի «նայողը». Կոռուպցիոն «ղալաթի» «թավշյա» դրսևորումները

Թավշյա իշխանափոխությունից հետո Շիրակի մարզպետի աթոռին հայտնված, ապա սահուն կերպով իշխանական «Իմ քայլի» ցուցակով պատգամավորական մանդատ ձեռք բերած Կարեն Սարուխանյանը մարզում բավականին հայտնի անձնավորություն է: Եվ բացի նրանից, որ այս անձնավորությունը սիրում է ՀՀԿ-ականների մտքերն իրենով անել ու դարձնել ֆեսյբուքյան ստատուս, կամ գռեհիկ մեկնաբանություններ կատարել սեփական թիմակցի հասցեին, նաև շատ լավ կողմնորոշվում է տեղում և իրադրության մեջ:

Այսպես, պարզվում է՝ մարզպետ եղած ժամանակ Կարեն Սարուխանյանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, կազմակերպել է, որ իր հարազատ քեռու՝ Մանվել Խոջումյանի քրեական գործը քննվի աչքից ու ծանոթներից հեռու ու, ինչն ամենակարևորն է, «ճիշտ» դատավորի մոտ:

Կարեն Սարուխանյանի մորեղբայրը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին և 332-ի 2-րդ մասերով , այն է՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, որը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, ավելի ստույգ՝ Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Ի դեպ, վերոնշյալ Մանվել Խոջումյանը, ով թմրանյութեր օգտագործելու մեջ է մեղադրվում, եղել է Շիրակի մարզի Բյուրակն համայնքի դպրոցի տնօրենը տարիներ առաջ, 25 տարվա մանկավարժական ստաժ ունի:

2018թ. մարտի 22-ին «Ցայգ» հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր պատրաստել, որը պատմում էր Բյուրակնի դպրոցի դաստիարակչական գործով փոխտնօրեն Մանվել Խոջումյանի ու տնօրեն Լուսինե Մելիքյանի վեճի մասին: Վերջինս Կարեն Սարուխանյանի քեռուն աշխատանքից ազատել էր այն հիմքով, որ ըստ Շիրակի մարզի դատախազի գրության՝ վերջինս հրաժարվել էր պարտադիր բժշկական զննությունից: Իսկ թե ինչո՞ւ է հրաժարվել դատաքիմիական փորձաքննությունից, թերևս, կարելի է հասկանալ: Տնօրենի խոսքով, սակայն, համայնքում մշտապես համառ խոսակցություններ են պտտվել, որ Մանվել Խոջումյանը թմրանյութ է օգտագործում: Բնական է, որ, եթե այս հետաքրքրությունը լիներ 2 ամիս անց, այս ռեպորտաժը չէր նկարահանվի շատ պարզ պատճառով. պարզապես արդեն իշխանավոր Կարեն Սարուխանյանը թույլ չէր տա:

Վերադառնանք դատական գործին: Ինչպես կարող ենք տեսնել Դատալեքսում, դատավոր Աշոտ Զավենի Մանուկյանը գործը վարույթ է ընդունել 08-11-2018թ., իսկ ահա դրանից մեկ օր առաջ մարզպետ Սարուխանյանի կողմից Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Զավեն Աշոտի Մանուկյանը:

Այս նշանակման հետ կապված մարզում բազմաթիվ դժգոհություններ ի հայտ եկան, որոնց անդրադարձան շատ ԶԼՄ-ներ: Ի դեպ, Զավեն Մանուկյանի նշանակումը տեղի է ունեցել կառավարության կարգի խախտմամբ:

Սակայն հետագայում ԶԼՄ-ների ուշադրությունից երկու փաստ վրիպեց. նախ այն, որ դատավոր Աշոտ Զավենի Մանուկյանը հանդիսանում է բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Զավեն Աշոտի Մանուկյանի հարազատ հայրը, և երկրորդ՝ մեղադրյալ Մանվել Խոջումյանը հանդիսանում է Ամասիայի տարածաշրջանի բնակիչ, և գործը պիտի քննվեր Ամասիայում, բայց դատական գործը մակագրվել է Արթիկի տարածաշրջանի դատավորի և քննվել է Արթիկում:

Հատկանշական է այն, որ Արմենիա TV-ի տեսանյութում դատավորի որդու՝ Զավեն Աշոտի Մանուկյանի՝ ԲԿ-ի տնօրեն նշանակման դեմ բուժաշխատողների բողոքը մեղմելու համար եկել էր ոչ թե մարզպետը, տեղակալներից, օգնականներից կամ խորհրդականներից որևէ մեկը, այլ մարզպետարանի աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանը, ով և կազմակերպել էր քրեական գործը «ճիշտ» դատավորին հասնելու գործընթացը:

Նշենք, որ պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորեղբայրը նախկինում ևս դատապապարտվել է, այդ անգամ, սակայն, դրամաշորթության համար:

Հանդիսանում է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) անդամ և 2017թ. ԱԺ ընտրություններին առաջադրված է եղել ՕԵԿ-ի կողմից՝ որպես պատգամավորության թեկնածու՝ վարկանիշային ընտրակարգով Շիրակի մարզից: Ներկայումս ակտիվ թավշյա հեղափոխական է:

Մուշեղ Մուրադյանին մատուցած ծառայության համար Կարեն Սարուխանյանը ավելի ուշ վարձահատույց է եղել՝ միջնորդելով, որ դաշնակցական Մուրադյանը մարզպետարանի աուդիտի բաժնի փակումից հետո գործազուրկ չմնա և դառնա «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն:

Թեպետ հարցազրույցներում Սարուխանյանը չի ընդունում, որ իր կողմից կա հովանավորչություն, սակայն ակնհայտ է, որ նա քաջատեղյակ է նույնիսկ Մուշեղ Մուրադյանի տնօրինած գույքին, իսկ տնօրենի մրցույթի ժամանակ Մուրադյանը քննական պատնեշը հաղթահարած 11 մասնակիցների մեջ զբաղեցրել էր ընդամենը 8-րդ տեղը և մասնագիտությամբ որևէ առնչություն չունի բնապահպանության հետ:

Մասնավորապես, Կարեն Սարուխանյանն այդ ժամանակ անդրադարձել էր Մուշեղ Մուրադյանի՝ ազգային պարկի տարածքում մոտ 300 հեկտարի չափով վարձակալած հողատարածք ունենալուն։

«Գուցե իմ անունն էլ է այս հարցում շոշափվում, դրա համար պարզաբանեմ․ իմ մարզպետ աշխատած ժամանակ Մուրադյանի հողեր ունենալու թեման եղել է, իրականում հողերն այդ տարածքում Մուշեղի կողմից վարձակալությամբ վերցվել են մինչև ազգային պարկի հիմնադրումը և տրված են ենթավարձակալության։ Այսինքն՝ մոտ 17-18 տարի առաջ, հիմա հասկանում եմ՝ քաղաքական առումով շատերին ձեռնտու չէ, ցանկանում են կապել իմ անվան հետ՝ հաշվի առնելով այնտեղի վերջին բացահայտումները, հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Շիրակի մարզից ես եմ ներկայացնում առաջնահերթ, կփորձեն նմանատիպ ամեն բան կապել ուղիղ իմ հետ, որպեսզի մեր թիմին կամ իշխանությանը հարված հասցնեն»,- ասել էր նա:

Կարեն Սարուխանյանի հովանավորչությունը, սակայն, միայն Մուշեղ Մուրադյանին աշխատանքի տեղավորելով չի սահմանափակվում, և նրա՝ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն նշանակվելուց հետո ազգային պարկում աշխատանքի է անցնում Կարեն Սարուխանյանի մորաքրոջ տղան՝ Հայկ Ստեփանյանը:

Ուշագրավ է, որ Մուրադյանին «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն նշանակելու հարցում կառավարությունից միջնորդել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Ի դեպ, այն, որ Էդուարդ Աղաջանյան-Կարեն Սարուխանյան տանդեմը բավականին ակտիվ միջամտում է Շիրակի մարզում իրականացվող կադրային քաղաքականությանը, միայն այս օրինակը չի փաստում:

168.am-ի տեղեկություններով՝ հենց այս զույգն է փորձում ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական չեմպիոն գյումրեցի Արթուր Ալեքսանյանին դարձնել Գյումրիի քաղաքապետի՝ իշխանությունների թեկնածուն:

Մեծ հաշվով, երևի թե սա օրինաչափ է, որովհետև ներիշխանական կուլիսներում խոսում են, որ Գյումրիի պատասխանատուն կառավարությունում հենց Էդուարդ Աղաջանյանն է:

Վերադառնալով «Արփի լիճ» ազգային պարկին՝ նշենք, որ նախկին մարզպետը՝ Կարեն Սարուխանյանը, անասնաֆերմա ունի ազգային պարկից ոչ հեռու, իսկ ազգային պարկը շատ հարմար արոտավայր ու խոտհարք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի համար:

Ի դեպ, նշենք, որ Սարուխանյանի ֆերմայի անասնագլխաքանակը 7-8 անգամ աճել է հեղափոխությունից ի վեր:

Հունիսի 5-ին ազգային պարկի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հայտնվեցին, որոնցից մեկում մեզ արդեն հայտնի Մուշեղ Մուրադյանը պատվոգիր է հանձնում Արփի համայնքի ղեկավար Մերկել Ղարիբյանի՝ հավանաբար ազգային պարկի տարածքում գտնվող Արդենիսի լիճը սեփական անասնաֆերմայի կոյուղատար սարքելու ու կործանելու համար, որտեղ բազմաթիվ էնդեմիկ կենդանիներ են ապրել:

Հիշեցնենք, որ խոսքը հատուկ պահպանող տարածքի՝ ազգային պարկի մասին է:

Մեկ այլ ուշագրավ բան ևս: Ս/թ ապրիլի 6-ին Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարեց.

«Հարգելի ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ 1 օրվա ընթացքում մեր նախաձեռնությանը միացել են Շիրակի մարզպետի տեղակալ՝ Վարդան Գրիգորյանը, «Արփի լիճ» Ազգային Պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն` Mushegh Muradyan-ը, «Olympic» հյուրանոցառեստորանային համալիրի տնօրինությունը, «Brain Fors» ընկերությունը, Գյումրու «Հայկ» առևտրի սրահի տնօրինությունը, Shavarsh Aramyan-ը, Կարեն Խաչատրյանը, Hayk Stepanyan-ը, Var Jan-ը, Samuel Ogannisyan-ը, Emma Palyan-ը, Сергей Галстян-ը, Styopa Styopa-ը, Vasya Arshakyan-ը։
Այս պահի դրությամբ մենք պատրաստ ենք աջակցել Շիրակի մարզում 100 սոցիալապես անապահով ընտանիքի՝ նշելու Սուրբ Զատիկը։
Շարունակելի…

#ՄիասինՄենքՀզորԵնք»,- գրել էր նա:

Ինչպես նկատում եք, գրառումը բարեգործության մասին է, թե ինչպես են մի խումբ պաշտոնյաներ ու գործարար անձինք աջակցել 100 սոցիալապես անապահով ընտանիքների, որպեսզի վերջիններս կարողանան նշել Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

Այս գրառման մեջ նշված անձինք հիմնականում իր բարեկամներն են: Օրինակ՝ Var Jan-ը, մեր տեղեկություններով, պատգամավորի քեռու տղան է, Շավարշ Արամյանը՝ քեռու տղայի հորաքրոջ տղան է, որին Սարուխանյանը բազմիցս փորձել է բարձր պաշտոնի նշանակել տալ, և վերջիվերջո նույն Էդուարդ Աղաջանյանի բարձր հովանու ներքո նա աշխատանքի է անցել բնապահպանական տեսչական մարմնում: Բայց առանձնակի ուշադրության է արժանի Samuel Ogannisyan անվան տակ հանդես եկող օգտատերը:

Վերջինս իրականում մի քանի տարի առաջ աղմուկ հանած Վերնիսաժի կրակոցների գործով դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանն է: Նա պատիժը կրելուց հետո փախել է Հայաստանից և վերադարձել է միայն Յուվեցի Կարոյի սպանությունից հետո՝ հույսով, որ Կարեն Սարուխանյանի միջոցով ետ կբերի կրակոցներից հետո իրենից «խլված» BMW X6 մակնիշի մեքենան:

Ըստ մեր աղբյուրի՝ Կարեն Սարուխանյանը բազմիցս միջնորդել է թե ուժայինների, թե քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների մոտ այդ հարցով, սակայն ապարդյուն: Իսկ մոտ մեկ տարի առաջ Աշոցքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում Սուրեն Պապիկյանին փորձել է համոզել, որ հենց Վալերիկ Հովհաննիսյանը առաջադրվի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից որպես թեկնածու: Տարածքային կառավարման նախարարը, սակայն, մերժել է Կարեն Սարուխանյանին:

ԱՎԵՏԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս