Սերժ Սարգսյանի ասուլիսի հիմնական մեսիջները

Նախօրեին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի խոստացված ասուլիսը, որին սպասում էր հանրության զգալի մասը։ Սերժ Սարգսյանի երեք ժամանոց ասուլիսը գերհագեցած էր և խիտ իր քաղաքական բովանդակությամբ։ Մենք փորձել ենք վեր հանել, ըստ մեզ, առանցքային  հիմնական  մտքերը, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության։

Ահա ասուլիսի ժամանակ հնչած քաղաքական առանցքային մտքերը։

1․ Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք։ Քառօրյան ռազմական հաղթանակից հետո վերածվեց դիվանագիտական հաղթանակի։

2․ Արցախի հետ փոխօգնության պայմանագիրի ստորագրումը նման է լինելու տեղեկատվական ու դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցի։ Այն պետք է անել ճիշտ ժամանակին՝ հավելյալ վտանգներ չստեղծելու նպատակով։

3․ 80-ականների զենքը դիվանագիտական լեզվով հետևյալն էր՝ ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ականջները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը։

4․ Մենք Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք, քանի որ ներողություն խնդրելու համար հիմք է պետք։ Մենք ամաչելու ոչինչ չունենք, մենք կամաչեինք, եթե չպաշտպանեինք մեր օջախները։

5․ Ես երբևէ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն, որ կարող է վնասել մեր ժողովրդին, կամ վտանգ լինել մեր հայրենիքի համար, չեմ կարող պայմանավորվել: Ուղղակի ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին, ովքեր ելնելով քաղաքական նպատակներից կամ հակակրանք ունենալով իմ անձի հանդեպ, շահարկում են այդպիսի թեմաներ:

6․ Հետաքրքիր կլինի իմանալ, թե հատկապես որ սխրագործության համար են տավուշյան դեպքերի բոլոր 71 հոգին պարգևատրվում «Մարտական խաչ» մեդալով, այն պարագայում, երբ 1994-ին Արցախյան պատերազմի գործողությունների համար մոտ 20 հոգի պարգևատրվեց այդ շքանշանով։

7․ Մենք դիրքային շատ լուրջ բարելավումներ ենք ունեցել, բայց դրա մասին երբեք չենք բարձրաձայնել։

8․ Ես գոհ եմ Յուրի Խաչատուրովի և Գլխավոր շտաբի աշխատանքից։ Խաչատուրովը ռազմական գործողությունների հենց սկզբից շատ ակտիվ մասնակցություն է ունեցել մեր հաղթանակներում։ Նա ուղնուծուծով զինվորական է, գեներալ,  և շատ վիրավորական է մինչ այդ եղած հայտարարությունները։

9․ Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված մեր սպաների և զինվորների համար, այլ նաև արցախյան առաջին պատերազմում բոլոր զոհվածների համար: Ես պատասխանատվություն եմ կրում այն զինվորների ու սպաների համար ովքեր զոհվել են 1988-ից սկսած, թույլ տվեք ասել, մինչև այսօր: Բայց «ներողություն» բառը ճիշտ բառը չէ, ես իմ երախտագիտությունն ու խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին, և կոչ եմ անում շատ ուշադիր լինել այդ ընտանիքների նկատմամբ։

10․ Հաջողությունը երբեք կիլոգրամներով չի կարելի չափել, հաջողությունը չափվում է քաղաքական հայտարարություններով: ԼՂ խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք չի համաձայնելու կամովին ԼՂՀ անկախությանը: Սա է չափման միավորը, և, անկեղծ եմ ասում՝ մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել։

11․ 2016-ի ապրիլին առաջին անգամ օգտագործել ենք այնքան զինամթերք, ինչքան անհրաժեշտ են գտել հրամանատարները:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս