«Թող իջնի, ինչո՞ւ չի իջնում, ձայնը տվեցինք, որ չիջնի՞, հիմա տեղը տա՞ք է». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
«Մենք այստեղ կշարունակենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ վարչապետը չգա և չխոսի մեզ հետ»: Ասաց այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը:
«Եթե պետք լինի գիշերն էլ մնալ այստեղ, կմնանք: Մենք կապացուցենք, որ մարդ ենք, և մեզ հետ պետք է հաշվի նստել, ամեն ինչ անելու ենք, որ վարչապետը գա և մեզ հետ զրուցի, եթե պետք լինի՝ կառավարության դիմաց վրաններ էլ կտեղադրենք և կմնանք այստեղ: Մեզ խոստացավ, որ կօգնի, հիմա սպասում ենք, որ արդյունք լինի: Խոստումներ մեզ պետք չեն, այլ ռեալ գործողություններ: Ես մտածում էի՝ ես գնամ վարչապետի հետ հանդիպման, բայց ո՛չ, հիմա պահանջում ենք, որ վարչապետը գա, նա պետք է մեզ հարգի, բոլորս մարդիկ ենք»,- ասաց քաղաքացին:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ ինքը հանդիսանում է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի, բայց իր համար պատվի հարց է՝ լինելով հայ՝ դիմել Ռուսաստանի իշխանություններին, որ իրեն օգնեն, նա ևս կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին.
«Թող իջնի, ինչո՞ւ չի իջնում, ձայնը տվեցինք, որ չիջնի՞, հիմա տեղը տա՞ք է: Թող իր քաղաքացիներին հարգի, ոչ թե գանք այստեղ ու հետ գնանք: Մենք անհարմար ենք զգում՝ դիմենք Ռուսաստանին, որ գնանք, դա ազգային հարց է, ինքը չի հասկանում: Մենք իրեն ձայն ենք տվել, ինչի՞ համար ենք ձայն տվել, ասում էր՝ հատ-հատ ձեր կողքին եմ լինելու ես, ինչո՞ւ չի լինում: Այս հրապարակում ճանապարհ էինք փակում, ծաղկեպսակն էլ տվեցին իմ տղայի ձեռքը, վրան էլ գրեցին՝ «Սերժ Սարգսյանի մահվան առթիվ», բա այստեղ եմ եղել, այդ ժամանակ քաղաքացի էի, իսկ հիմա չի ուզում իջնի»:
Հիշեցնենք, որ այս պահին Բագրատաշենում շուրջ 100 քաղաքացի սպասում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության արձագանքին, որ կարողանան Վրաստանի սահմանով գնալ Ռուսաստան, սակայն հստակ քայլեր չեն արվում: