«Որոշ ճանապարհներին տեղադրվող սոցիալական գովազդն ազատվում է հարկումից». Սուրեն Պապիկյան
Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող սոցիալական գովազդն այսուհետ կազատվի հարկումից: Կառավարության որոշմամբ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, այդ թվում՝ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունը համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար կվճարվի տեղական տուրք, որի կարգն ու պայմանները կսահմանի տեղական ավագանին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այս նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի և տարածքային համաչափ զարգացման շրջանակներում էական առաջխաղացում է: Ըստ Պապիկյանի՝ սա լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:
Իրականացվող գործընթացների վերահսկողությունն էլ վերապահվելու է ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ կառավարության նիստում նշեց, որ Ֆինանսների նախարարությունը նախագծի քննարկման նախնական փուլում դեմ է արտահայտվել, բայց ոչ թե դրված նպատակին, այն է՝ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված քայլին, այլ այդ նպատակին հասնելու ընտրված եղանակին: Ըստ Ջանջուղազյանի՝ այս նախագծով միայն իրավունքների ապակենտրոնացում է լինում, իսկ պատասխանատվության ինչ-որ մաս շարունակում է կրել կառավարությունը:
Եվ չնայած ֆինանսների նախարարը դեմ քվեարկեց որոշմանը, կառավարությունը երկար քննարկումից հետո այն ընդունեց:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում