«Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում». Սերժ Սարգսյան

«Նախ՝ ես ուղղակի չեմ կարող զոհերի անունից խոսել, ես խոսում եմ զոհերի մասին: Ես դեռևս չեմ տեսել մի մարդ, որ զոհերի անունից խոսի»,- այսօրվա ասուլիսին, լրագրողի այն դիտարկմանը, թե խոսում է ապրիլյան պատերազմի զոհերի անունից, այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ճիշտ չէ շահարկել զոհերը՝ քաղաքական նկատառումներով: Մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից՝ նախագահ է, գերագույն գլխավոր հրամանատար է, լրագրող թե զուտ պարզ քաղաքացի, չի կարող ասել, որ ինքը միշտ անսխալ է եղել: Եթե կա այդպիսի մարդ, թող ասի: Իսկ այն մարդը, որ ամեն օր բազմաթիվ որոշումներ է կայացնում, անշուշտ, այդ պաշտոնատար անձանց սխալները շատ ավելի տեսանելի են: Ես առանց որևէ սեթևեթանքի կարող եմ ասել, որ չեմ տեսնում իմ կողմից կամ ԶՈՒ որևէ ղեկավարի կողմից, որի մասին հիմա արժե խոսել: Մենք ապրիլյան պատերազմում հաղթել ենք, իսկ չափման միավորը Ադրբեջանի պլանների ձախողումն է, չափման միավորն այն է, որ մեր հակառակորդ երկրի նախագահը հրապարակավ հայտարարում է, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Գիտե՞ք՝ հաջողությունը երբեք կիլոգրամներով չի կարելի չափել, անհնար է չափել: Հաջողությունը չափվում է քաղաքական հայտարարություններով, այդ թվում նաև՝ ուրիշների կողմից: Հաջողությունը չափվում է միջնորդների հայտարարություններով, երբ միջնորդներն ասում են, որ անթույլատրելի էր Ադրբեջանի վարքագիծը»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծեց. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում: Որևէ Ադրբեջանի ղեկավար երբեք չի համաձայնվելու կամովին ԼՂ անկախությանը: Սա է չափման միավորը: Անկեղծ եմ ասում, որ մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել»:

Տեսանյութեր

Լրահոս