Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել, մշակվել են մոդելներ ուսումնական հաստատությունները վերաբացելու համար
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պարետատան նիստից հետո հայտարարեց, որ մշակվում է ծրագիր, թե համաճարակային իրավիճակից կախված՝ ինչ մոդելով են վերաբացելու հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները: Տ. Ավինյանը վստահեցրեց՝ մինչև օգոստոսի 10-ը վերջնական ծրագիրը կներկայացվի:
Պարետը նշեց նաև, որ չնայած որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել, այդուհանդերձ, էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված.
«Մասնավորապես, վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումների, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների հարցերը: Եվ այս բոլոր հարցերի փաթեթը, իհարկե, կախված է համաճարակային իրավիճակից և ընդհանուր բարելավվող տենդենցի պահպանումից, որը, միանշանակ, կախված է մեր վարքագծից»:
Պարետը նկատեց, որ սա հավանաբար կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը. «Որից հետո մենք ԱԺ-ում կքննարկենք արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ օրենքներում փոփոխությունների իրականացման հարցը, և եթե շարունակաբար կրկին պահպանենք կանոնները, և համաճարակային իրավիճակը շարունակի դրական այս տենդենցը, մենք գնալով ավելի ու ավելի կվերադառնանք մեր բնականոն կյանքին»: