ՄԻՊ-ն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել.
«Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:
Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում:
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»: