Բաժիններ՝

«Այսօր պետությանն այդ հնարավորությունը չկա, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում անի և մետրոյի մեկ կայարան կառուցի». Ռուսլան Բաղդասարյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի երկու նոր կայարանների կառուցմանը՝ հայտնել է, որ Կառավարության հետ համատեղ որոշել են, որ այն կառուցվելու է պետության կողմից։

«Դա ամենաճիշտ տարբերակն է, որտեղ պետությունն ամենաշատը կշահի: Երևանի քաղաքապետարանը ևս ակտիվ մասնակիցներից կլինի այդ կառուցապատման, մասնավորապես՝ մենք մեզ վրա ենք վերցրել՝ մրցույթի կազմումը և այլն: Այս պահին մշակվում է երկփուլ մրցույթի պայմաններ, որտեղ պետք է  առաջարկի տեխնիկական բնութագիր և նաև այդ տեխնիկական բնութագրի հիման վրա՝ 2-րդ փուլով, տա իր նախագիծը: Սա ընդհանուր առաջին մասն է, երբ կունենանք նախագիծ, դա արդեն կդնենք մրցույթի, այն  շինարարական ընկերությունը, որը կհաղթի՝ կկառուցի այդ համալիրը: Այս պահին երկփուլ մրցույթի պայմաններն են»,- ասել է Հայկ Մարությանը։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը 2018 թվականի նախընտրական խոստումներում անընդհատ հիշտակում էր  մետրոյի նոր կայարանների կառուցման մասին։

Հայկ Մարությանն ասել էր, որ  մետրոյի նոր կայարանների 1 կմ կառուցման գինը տատանվում է 50-100 մլն դոլարի սահմաններում, նա վստահությամբ հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար կարողանալու է գտնել այդ գումարը:

168.am-ի հետ զրույցում Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ասաց, որ արդեն երկու տարի է, որ հայտարարել են մետրոն կառուցելու մասին, այն էլ՝ ներդրողների միջոցով։

«Երկու տարի է՝ ես ասում եմ, որ նման բան չեն անելու, քանի որ ոչ մի ներդրող չի գալու և ուղղակի մետրոյի կայարան կառուցի, մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում անի՝ դիմացը ոչինչ չստանալով։ Իմ ունեցած օդում կախված լուրերի համաձայն՝ այդ ամենի դիմաց ներդրողն այնպիսի բան էր ուզել, որ պետությանը ձեռնտու չէր եղել։ Հիմա ասում են, թե պետությունն է կառուցելու, և այն պետությանը ձեռնտու է։ Կարծում եմ՝ այսօր պետությանն այդ հնարավորությունը չկա, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում անի՝ մետրոյի մեկ կայարան կառուցելու համար։ Իշխանությունն ասում էր՝ երկու կայարան, երկրորդը նկատի ունեն «Փեթակի» մոտ, որը մեծ ծախս չէ, այնտեղ ընդամենը մեկ կանգառ են սարքելու։

Իսկ Աջափնյակի կայարանը ձեռնտու չի լինելու, որովհետև այնտեղ իմ իմանալով՝ ընդամենը 3 հազար ուղևորահոսք է ավելանալու։ Ներդրում անել մինչև 90 մլն դոլար այդ մի կայարանը կառուցելու համար, որպեսզի ապահովեն 3 հազար ուղևոր,  կարծում եմ՝ ձեռնտու չէ»,- նշեց Ռուսլան Բաղդասարյանը։

Նրա բնորոշմամբ՝ կրկին մանիպուլյացիա են անում, խաբում են, թե մետրոյի կառուցումը պետությանը ձեռնտու է, ինչն այդպես չէ։

Նրա կարծիքով, եթե քաղաքային իշխանություններն ուսումնասիրություններն անկեղծ ու ազնիվ անեն՝ կտեսնեն, որ մետրոյի կառուցումը պետությանը ձեռնտու չէ։
«Կարծում եմ՝ մետրոյի կայարանի կառուցման նախագիծը որևէ երևանցի չի տեսել, այդ թվում՝ ես, իրենք ինչ-որ էսքիզ, նկար ցույց տվեցին, որը, եթե ցանկացած ճարտարապետի խնդրեն, մեկ ժամում կնկարի ու կասի, թե ահա՝ այսպիսի բան ենք ուզում կառուցել։ Ռեալ քննարկում չկա, մինչև այս ասում էին, թե ներդրողներ են լինելու, բայց որևէ ներդրողի անուն հայտնի չդարձավ։ Որևէ անգամ հասարակական քննարկում տեղի չունեցավ, ինչի՞ մասին է խոսքը»,- շեշտեց նա։

Ռուսլան Բաղդասարյանն անդրադարձավ նաև Մաշտոցի պուրակի ծառահատման դեպքին, որի դեմ 2012 թվականին պայքարել է ներկայիս քաղաքապետը՝ նշելով, որ Հայկ Մարությանի երեսպաշտությունը երևանցիները հանգիստ կարող են տեսնել։

«Ես՝ որպես մասնագետ, կարողանում էի տեսնել, զգալ իրենց գործողությունները, այսօր երևանցիներն են տեսնում, որ Հայկ Մարությանն ուղղակի երեսպաշտությամբ էր զբաղված և՛ Մաշտոցի պուրակի մասով, և՛ տրանսպորտի թանկացման՝ 150 դրամի  ակցիայի դեպքում։ Սպասեք նաև, որ նա փորձելու է թանկացնել հանրային տրանսպորտը, այն տրանսպորտը, որի համար 2013 թվականին մեծ պայքար էր սկսել։ Հիմա նոր ավտոբուսներ է ուզում ձեռք բերել, թող հայտարարի, թե ինչ գնով է ուզում վերջնարդյունքում  սպասարկել քաղաքացիներին։ Չբերեն հիմա մի 6 ամիս 100 դրամով սպասարկեն, հետո սկսեն թանկացնել, հիմա թող քաղաքապետը հայտարարի։ Սա հերթական երեսպաշտությունն է Հայկ Մարությանի կողմից։ Նա նաև պայքարում էր «կարմիր գծերի» դեմ, բայց երբ դարձավ քաղաքապետ, հայտարարեց, որ, եթե դրանք հանի, մանկապարտեզները չի կարողանալու վերանորոգել՝ սա երեսպաշտություն չէ՞, երեսպաշտություն է»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս