Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանը կկառուցի պետությունը, «դա ամենաճիշտ տարբերակն է, պետությունն ամենաշատը կշահի». Հայկ Մարության
Երկար բանակցություններից և տարբեր մոտեցումներից հետո, Կառավարության հետ համատեղ եկանք մի կետի, որ մետրոպոլիտենը կառուցվելու է պետության կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Դա ամենաճիշտ տարբերակն է, որտեղ պետությունն ամենաշատը կշահի: Երևանի քաղաքապետարանը ևս ակտիվ մասնակիցներից կլինի այդ կառուցապատման, մասնավորապես՝ մենք մեզ վրա ենք վերցրել՝ մրցույթի կազմումը և այլն: Այս պահին մշակվում է երկփուլ մրցույթի պայմաններ, որտեղ պետք է առաջարկի տեխնիկական բնութագիր և նաև այդ տեխնիկական բնութագրի հիման վրա՝ 2-րդ փուլով, տա իր նախագիծը: Սա ընդհանուր առաջին մասն է, երբ կունենանք նախագիծ, դա արդեն կդնենք մրցույթի, այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի՝ կկառուցի այդ համալիրը: Այս պահին երկփուլ մրցույթի պայմաններն են գրվում»:
168.am-ի դիտարկմանը, որ այդ շինարարությունն իրականացնելու համար ամիսներ առաջ հայտարարությամբ էիք հանդես եկել, թե դուք, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որ խոշոր ներդրող կա, և, որ մրցույթ չի հայտարարվել, քանի որ այդկերպ աշխատանքների մեկնարկը կձգվեր, Մարությանն ասաց. «Որոշումը պայմանավորված է պետական և համայնքի շահով: Մենք ուղղակի նժարի վրա դնում ենք ժամանակը, որը շահում ենք, և գումարները, թե ինչ կարող ենք կորցնել: Հասկացանք, որ ավելի լավ է մի փոքր ժամանակի մեջ կորցնենք, բայց շահենք գումարի մեջ»:
Հարցին, թե արդյոք այդ ընկերության հետ կոնֆլիկտներ չե՞ն առաջացել, Մարությանը պատասխանեց. «Ոչ: Այս պահին որոշում կա, որ դա արվում է պետության կողմից»: